«ՆՈՒՌ» ծրագիրը նպատակ ունի զարգացնել գյուղատնտեսական ներուժը՝ աջակցելով նռան հյութերի, գինիների և օշարակների արտադրությանը։
Ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են գինու պահամաններ, հյութը քամող չանչազատիչ սարք, հիդրավլիկ մամլիչ, ինքնահոս պոմպ, շերտավոր ֆիլտր, խցանող սարք, չափիչ սափոր և այլ անհրաժեշտ սարքավորումներ։ Ապահովվում են նաև արտադրական տարածքների բարելավման շինարարական աշխատանքներ, ինչպես նաև հյութի և գինու որակի վերահսկում, մասնագիտական խորհրդատվություն։
Հայաստանի բացառիկ կլիմայական պայմաններում աճող նռան արտադրության մեծ մասը օգտագործվում է թարմ վիճակում, ինչը խոչընդոտում է այդ բնական պաշարից առավելագույն տնտեսական օգուտ ստանալուն։ «ՆՈՒՌ» ծրագիրը խթանում է վերամշակումը՝ նպաստելով նոր շուկաների, աշխատատեղերի և կայուն եկամուտների ստեղծմանը գյուղական համայնքներում։
«ՆՈՒՌ» ծրագիրը նպաստում է տեղական ձեռներեցության զարգացմանը, արտադրության որակի բարձրացմանը և համայնքների տնտեսական կայունությանը։