ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Քաղցր գյուղ» նախագիծը նպատակ ունի ձևավորել մեղվաբուծության օրինակելի մոդելային համայնք մեկ գյուղի օրինակով։ Ծրագրի պիլոտային փուլի համար ընտրվեց Վայոց ձորի Աղնջաձոր բնակավայրը։ Նախաձեռնությունն ուղղված է գյուղի սոցիալ-տնտեսական կայունացմանը՝ խթանելով մեղվաբուծության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և գյուղի զբոսաշրջային ներուժի բացահայտումը։
Նախագծի շրջանակում ընտրված շահառուները ստանում են անհրաժեշտ տեխնիկական և նյութական աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն և վերապատրաստումներ՝ սեփական մեղվաբուծական տնտեսությունները զարգացնելու համար։ «Քաղցր գյուղ» նախագծի բոլոր շահառուները միասին «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից արդեն ստացել են ընդհանուր՝ 105 պոլեուրեթանից փեթակ, էլեկտրական հովիվ, պարագաների 9 հավաքածու (որը ներառում է՝ ջրի տարրա և տախտակ, գրանցամատյան) և շինանյութ՝ փեթակների բարեկարգման համար (այդ թվում՝ 355լ ներկ, 25կգ հեղուկ ծեփամածիկ, 30լ սոսինձ), իսկ շահառուները տեղադրել են մեղվաընտանիքներ, իրականացնում են իրենց ունեցած փեթակների, մեղվանոցային տարածքի, գույքի, պահեստային տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Ծրագրի փորձագետները պարբերաբար իրականացնում են մոնիտորինգ և աջակցում շահառուներին՝ արտադրության արդյունավետության և որակի բարձրացման ուղղությամբ։
«Քաղցր գյուղ» նախագիծը գործում է համաֆինանսավորման մոդելով և միավորում է համայնքային ուժերը մեկ գաղափարի շուրջ՝ ստեղծելու ոչ միայն զարգացող արտադրություն, այլև զբոսաշրջային գրավչություն ունեցող «քաղցր» գյուղ Հայաստանում։ Նախաձեռնությունն ունի խոսուն կարգախոս՝ «Քաղցր գյուղ՝ համատեղ ուժերով»։