Սյունիքում ՄԱԶԾ «Բերքառատ այգի» ծրագրի շահառուները ստացել են ծրագրով նախատեսված այգեգործական սարքավորումներն ու գույքը։
Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզի Մեղրի, Սիսիան և Կապան համայնքներից շահառու է դարձել 167 մասնակից, որոնք մասնակցել են եռօրյա տեսական և գործնական դասընթացներին և հանձնել ավարտական քննություն։ Քննության արդյունքների հիման վրա շահառուները ստացել են այգեգործական սարքավորումների փաթեթներ, որոնք ներառում են էտի մկրատ (սեկատոր), շղթայական սղոց, երկարացման ձող, ավտոմատ սրսկիչ (ցողիչ) և մկրատների հավաքածու։ Ընդհանուր առմամբ շահառուներին տրամադրվել է 494 միավոր այգեգործական սարքավորում։ Բոլոր երեք համայնքներում շահառուների հետ հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներ, որոնք անձամբ հանձնեցին սարքավորումներն ու զրուցեցին շահառուների հետ՝ քննարկելով ծրագրի արդյունքները։
Եռօրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ ավանդական և ինտենսիվ այգեգործության, այգու տարածքի պլանավորման, մշակաբույսերի և սորտերի ընտրության, հողի նախապատրաստման, ոռոգման և պարարտացման համակարգերի, էտման մեթոդների, բույսերի պաշտպանության, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմանների ազդեցության նվազեցման և կառավարման միջոցառումների վերաբերյալ։ Դասընթացի բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր և «Այգեգործության հիմունքներ․ գործնական ձեռնարկը»՝ որպես հետագա աշխատանքում կիրառելի ուղեցույց։
«Բերքառատ այգի» ծրագիրն ուղղված է այգեգործությամբ զբաղվող բնակիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Այն նպատակ ունի նպաստել կայուն կենսամիջոցների ստեղծմանը, բարելավել պարենային անվտանգությունը և խթանել գյուղական բնակչության ինքնաապահովումը՝ բարձրացնելով Սյունիքի մարզի բնակիչների այգեգործական գիտելիքներն ու գործնական հմտությունները։
«Բերքառատ այգի» ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։