ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրն իրականացնում է «Nexus Kapan 2․ Ջերմատնային ձեռնարկատիրության կլաստերի ընդլայնում» նախաձեռնությունը, որի նպատակն է զարգացնել Կապան համայնքում ձևավորված ջերմատնային տնտեսությունների կլաստերը և ամրապնդել գյուղական բնակավայրերի ու քաղաքային շուկաների միջև տնտեսական կապերը։
Նախաձեռնության շրջանակում մայիսի 19-20-ին Կապան համայնքի մշակույթի տան դահլիճում անցկացվել է երկօրյա մասնագիտական դասընթաց, որը վարել են Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական կենտրոնի առաջատար մասնագետները։
Դասընթացին մասնակցել են 45 մասնակիցներ Սյունիքի մարզի Աճանան, Սյունք, Շղարշիկ, Վարդավանք, Նորաշենիկ, Օխտար, Վանեք, Առաջաձոր, Արծվանիկ, Ներքին Խոտանան, Վերին Խոտանան, Շրվենանց, Սզնակ և Ձորաստան բնակավայրերից։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, մշակաբույսերի խնամքի և արդյունավետ արտադրության վերաբերյալ։ Դասընթացի ավարտին նրանք հանձնել են քննություն, որի արդյունքների և տարածքային հնարավորությունների ուսումնասիրության հիման վրա կընտրվեն այն մասնակիցները, որոնք կանցնեն բիզնես դասընթացի հաջորդ փուլ։
Բիզնես դասընթացի ավարտից հետո կընտրվեն 17 շահառուներ, որոնք կստանան 300 քմ մակերեսով ջերմատներ՝ իրենց համայնքներում ջերմատնային ձեռնարկատիրություն սկսելու և զարգացնելու համար։
«Nexus Kapan 2» նախագիծն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից` Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ: