Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի վերանորոգված ամբուլատորիա են այցելել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանը և «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը։
Իվանա Ժիվկովիչը մայիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հրավերով ժամանել ՝ Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին։ Հայաստան այցի շրջանակում հյուրերը շրջել են Այնթապի ամբողջությամբ վերանորոգված ամբուլատորիայում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։
Բուժհաստատությունը հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել է էներգախնայող լուծումներով․ տեղադրվել են արևային պանելներ և արևային ջրատաքացուցիչներ։ Հյուրերին ողջունել է Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը` կարևորելով ծրագրի իրականացումն ու դրա նշանակությունը համայնքի բնակիչների համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասանելիության ընդլայնմանը։
Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին՝ հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Վերանորոգված ամբուլատորիայի շահագործումը էականորեն կբարելավի Այնթապ բնակավայրի և հարակից գյուղերի բնակիչների համար առաջնային բուժօգնության մատչելիությունն ու որակը՝ ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ քաղաքացիների համար։