Արմավիրի մարզի Հայթաղ բնակավայրում տեղի ունեցավ ամբողջությամբ վերանորոգված և կահավորված ամբուլատորիայի և համայնքային պատսպարանի պաշտոնական բացումը։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։
Ծրագիրը միտված է բարելավել այն համայնքների բժշկական ենթակառուցվածքները, որոնք հյուրընկալել են Լեռնային Ղարաբաղից փախստականներին։ Ամբողջովին վերանորոգված, ժամանակակից բժշկական տեխնիկայով վերազինված և կահավորված նորաբաց ամբուլատորիան հագեցած է նաև արևային էներգիայի համակարգերով և լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ապահովելով անվտանգ, ներառական բժշկական միջավայր։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր երախտագիտությունը հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում իրականացվող տարաբնույթ աջակցության ծրագրերի իրականացման համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ազգային գործընկերներին՝ արդյունավետ և շարունակական համագործակցության համար։
Հայթաղի ամբուլատորիան այժմ սպասարկում է 2,740 շահառուի, այդ թվում՝ 60 փախստականի և 70 հաշմանդամություն ունեցող անձի՝ ամրապնդելով ներառական մոտեցումը հիմնական ծառայությունների մատուցման գործում։
Հայթաղ բնակավայրն ունի ևս մեկ ձեռքբերում, Համայնքի մշակույթի տան նախկինում պարզ ենթակառուցվածքներից զուրկ նկուղային տարածքում նոր վերանորոգված համայնքային պատսպարան է կառուցվել։ Ընդհանուր 450 քմ մակերեսով նոր պատսպարանն այժմ ապահովում է անվտանգ և պատշաճ կահավորված միջավայր՝ արտակարգ իրավիճակներում համայնքի օգտագործման համար։ Ծրագրի շրջանակում տեղադրվել են նաև հիբրիդային արևային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս գործել ինչպես ցանցին միացված, այնպես էլ ինքնավար ռեժիմով։ Դրանք ապահովում են կենսական նշանակության էներգետիկ կարիքներ՝ հատկապես արտակարգ իրավիճակներում և հոսանքի անջատումների ժամանակ՝ նպաստելով լուսավորության և կապի անխափան ապահովմանը։