Վաղարշապատ համայնքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդիրներին նվիրված խորհրդակցական մարմնի նիստ, որը համախմբել էր համայնքային իշխանությունների, մասնավոր հատվածի և զարգացման գործընկերների ներկայացուցիչներին՝ համատեղ լուծումներ գտնելու առաջնահերթ սոցիալական հարցերին։
Նիստին ներկա էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավարն ու փորձագետները։ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը կարևորեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դերը համայնքներում հաշվի առնելով այն բոլոր ծրագրերը, որոնք տարիների ընթացքում իրականացվել են տարբեր համայնքներում և շարունակվում են։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը նիստի ընթացքում ներկայացրել է «Կայուն համայնքներ» ծրագրի առաջիկա անելիքներն ու գալիք ծրագրերը՝ շեշտադրելով դրանցում ակտիվ ներգրավման կարևորությունը հատկապես Լեռնային Ղարաբաղից փախստականների համար։ Նա նաև պատասխանել է մասնակիցների հարցերին՝ անդրադառնալով ծրագրերի կիրառման գործնական կողմերին և հնարավոր համագործակցության ուղղություններին։
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը շարունակում է աջակցել համայնքներին՝ նպաստելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու կայուն եկամտի աղբյուրների ստեղծմանը՝ սերտ համագործակցելով տեղական գործընկերների հետ։