Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Կայացել է «Ջերմատուն» ծրագրի գործնական դասընթացը

Ջերմատուն

Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտական կենտրոնի փորձարարական ջերմատանը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռնության մասնակիցները երկու օր գործնական դասընթացի են մասնակցել։ «Ջերմատուն» ծրագիրը մեկնարկել էր Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Դիմել են Կապան, Գորիս, Վայք, Արենի, Վարդենիս և Ճամբարակ համայնքների սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակվող, ինչպես նաև տեղահանված և այժմ նշված համայնքների բնակավայրերում բնակվող անձիք։

Ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 167 անձ, որոնցից 160-ը մասնակցել էր առաջին փուլի տեսական դասընթացին։ Քննությունը հաջողությամբ հաղթահարեց 100 մասնակից։ Փորձագիտական խումբը այցելեց բոլոր 100 մասնակիցների բնակության վայրերն ու գնահատեց հողային պայմանները։ Ծրագրի երկրորդ փուլ անցավ 20 մասնակից, որոնք էլ արդեն մասնակցել են գործնական դասընթացի՝ Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտական կենտրոնի փորձարարական ջերմատանը։

«Առաջին փուլի տեսական դասընթքացից հետո ծրագրի այս փուլում արդեն երևում է մասնակիցների ոգևորությունը, երբ արդեն գործնականում են ծանոթանում ջերմոցային տնտեսությանը, փոխվում է նաև հարցերի որակը»,- նշեց դասընթացավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Մարտիրոսյանը։

single-post single-post single-post single-post single-post single-post

Տեսական դասընթացի ժամանակ մասնակիցներին համապարփակ ներկայացվել է ջերմոցային տնտեսություն հիմնելու մոդելը։ Մասնակիցները ծանոթացել են ջերմատների տեսակներին, համակարգերին և ջերմոցային մշակաբույսերին։ Գործնական դասընթացին փորձարարական ջերմատանը մասնակիցները մոտիկից ծանոթացել են ջերմոցային համակարգերին՝ հենակապային, հովացման, ստվերարկման, հիվանդություններն ախտորոշելու մեխանիզմներին և բուսատեսակներին։

Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրից 22-ամյա Վահրամ Իվանյանը որոշել է՝ եթե դառնա ծրագրի շահառու, ջերմատունը դարձնելու է ընտանեկան բիզնես․ «Արդեն 4 տարի է գյուղատնտեսության տարբեր ոլորտներ եմ ուսումնասիրում ու փորձարկումներ անում։ Սկզբում որոշեցի ձկնաբուծությամբ զբաղվել, հետո մեղվաբուծությամբ, իսկ երբ իմացա «Ջերմատուն 2024» ծրագրի մասին, որոշեցի դիմել»,-պատմում է Վահրամը, որը երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում ու հետո վերադարձել Հայաստան ու մնացել իր հայրենի գյուղում։ Վահրամը մասնակցել է 2020 թվականի ռազմական գործողություններին․ «Գործնական դասընթացը շատ արդյունավետ էր, որովհետև մինչև այս պահը գրեթե ոչինչ չգիտեի ջերմոցային տնտեսության մասին, իսկ հիմա արդեն գիտեմ որտեղից սկսել ու ինչ անել»,-նշում է Վահրամը։

Ծրագրի մեկ այլ մասնակից Տաթևիկ Բարսեղյանը ԼԵռնային Ղարաբաղում երկար տարիներ ջերմոցային տնտեսությամբ է զբաղվել, իսկ հիմա Գեղարքունիկի մարզի Վարդենիս քաղաքում է ապրում․ «Երբ եկանք Վարդենիս որևէ եկամտի աղբյուր չունեինք։ Աշխատանքի անցա դպրոցում, սակայն լրացուցիչ եկամտի աղբյուր էր պետք ունենալ։ Երբ իմացա ծրագրի մասին առանց երկար-բարակ մտածելու դիմեցի, որովհետև նախկինում զբաղվել եմ ջերմոցային տնտեսությամբ ու վստահ էի, որ կարող եմ հաղթահարել փուլերը»,-պատմում է Տաթևիկն ու շեշտում․ «Դասընթացների ժամանակ նոր խորքային գիտելիքներ ձեռք բերեցի, որ մինչև այդ չգիտեի։ Օրինակ, հողի սնուցման մի քանի տեսակներ կան, պարզվում է, իսկ մենք գիտենք մեկը կամ լավագույն դեպքում՝ երկուսը։ Նրբությունները շատ են և հենց այդ նրբություններով է հնարավոր որակյալ ու առատ բերք ստանալ։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post

Ամենավերջին փուլով ծրագրի շահառու կդառնա 16 մասնակից։ Վերջնական ընտրության փուլում հաշվի կառնվեն քննության արդյունքները, դիմորդի սոցիալական պայմանները․ մրցույթում առաջնահերթություն կտրվի Լեռնային Ղարաբաղի փախստականներին, 2020 և 2023 թվականների կոնֆլիկտների հետևանքով տուժած անձանց ու նրանց ընտանիքի անդամներն։

Տարածել`