«Ի սկզբանե համայնքներում թերահավատություն կար, սակայն երբ հաջողված օրինակները բնակիչները տեսնում են, ոգևորվում են, ցանկություն են հայտնում մասնակցելու։ Մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսությունների աջակցության ծրագրի արդյունքները ցույց տվեցին, որ այն շարունակելու պահանջարկ կա և հիմա նոր փուլ ենք սկսում և ցանկացողները կարող են դիմել։ Հետաքրքրվողները կարող են «Կայուն համայնքներ» ծրագրի «Ֆեյսբուք»-ի էջում կոնկրետ մանրամասներին ծանոթանալ, ես միայն կավելացնեմ, որ ծրագրին կարող են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ևս»,-ասաց Արման Վալեսյանը։
Ծրագրին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմում ներկայացնել, այնուհետև մասնակցել վերապատրաստման դասընթացների, որոնք հաջող ավարտածներն արդեն կստանան գործնական աջակցություն փեթակների տեսքով։ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետներն իրենց խորհրդատվությամբ կլինեն շահառուների կողքին։
Քանի որ ծրագիրն ունեցել է լավ արդյունքներ, որոշում է կայացվել այն նոր շեշտադրմամբ շարունակել։ Մասնավորապես՝ նախատեսվում է արդեն նոր աջակցություն տրամադրել այն բնակիչներին, որոնք այս երկու տարվա ընթացքում մասնակցել են ծրագրին և դարձել շահառու։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Լուսինե Բալայանը նշեց, որ նպատակ ունեն նպաստել գյուղական բնակավայրերում մեղվաբուծական փոքր տնտեսությունների ստեղծմանը, արտադրական հնարավորությունների զարգացմանն ու խթանմանը։
«Ծրագրի շրջանակում ընտրված շահառուներին նախատեսվում է տրամադրել մեղրի ու մեղվաբուծական մթերքի արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, փեթակներ, արտադրական կահույք և այլն։ Դրանից բացի, կլինի տեխնիկական, մասնագիտական, շինարարական, ծրագրային, մարքեթինգային խորհրդատվություն։ Կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ»,-ասաց Լուսինե Բալայանը։
ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող մեկ այլ՝ «Ջերմատուն» ծրագիրը ևս նոր շահառուներ է փնտրում։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանը տեղեկացրեց, որ 2023 թ-ին նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Եվ արդեն ընտրվել է 7 ընտանիք, որոնց տնամերձերում տեղադրվել են ծրագրի միջոցներով ձեռք բերված 150 քմ մակերեսով ջերմատներ՝ բոլոր լրացուցիչ սարքավորումներով հանդերձ։ Ջերմատները տեղադրվել են Գորիս համայնքի Բարձրավան, Վերիշեն և Գորիս բնակավայրերում։
«Ներկայում ջերմատները լիովին կահավորված են և արդեն ծառայում են շահառու ընտանիքների կարիքների բավարարմանը և եկամուտ ստանալուն։ Նշված ընտանիքները սեզոնի վերջին արդեն ստացել են կանաչիների սերմեր, որոնք հաջողությամբ աճեցրել են և իրացրել։ Սեզոնի սկզբին՝ ապրիլ ամսվա ընթացքում, կտրամադրվեն բանջարեղենի՝ լոլիկի, վարունգի, տաքդեղի և լոբու սածիլներ՝ ջերմատնային լիարժեք արտադրություն սկսելու համար»,-ասաց Մխիթար Բալայանը։
Այժմ նախատեսվում է աջակցության այս ծրագիրը շարունակել ՀՀ Սյունիքի մարզում, ինչպես նաև նոր շահառուներ ներգրավել Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերից։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նշված մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։