Ճապոնիայի կառավարությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ գործընկերությամբ, հայտարարում են նոր՝ 5.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախաձեռնության մեկնարկի մասին, որը նպատակ ունի զարգացնել Հայաստանում փախստականների և հյուրընկալող համայնքների գյուղատնտեսական կենսաապահովումը։ Երեք տարվա այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից, ուղղված է մարդկային անվտանգության ամրապնդմանը, գյուղական տնտեսական դիմակայունության բարձրացմանը և խոցելի բնակչության՝ այդ թվում փախստականների համար կայուն, գյուղատնտեսության վրա հիմնված կենսաապահովման ընդլայնմանը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին, և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Արման Խոջոյանը մասնակցեցին ստորագրման արարողությանը։
«Ճապոնիան կանգնած է հայ ժողովրդի կողքին այս կարևոր պահին։ Մենք իրապես հավատում ենք, որ գյուղատնտեսական ոլորտի զբաղվածության ծրագրերում ներդրումը կարևոր է փախստականների և հյուրընկալող համայնքների դիմակայունությունը բարձրացնելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ ինտեգրումը խթանելու համար։ Շատ ուրախ ենք համագործակցել Հայաստանի կառավարության և ՄԱԶԾ-ի հետ այս կարևոր նախաձեռնության շրջանակում», — ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկին:
«Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտում սահմանած ռազմավարական առաջնահերթություններին։ Ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ջերմատնային տնտեսությունների հիմնման, վերամշակման և շուկայավարման կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի ապահովման միջոցով ծրագիրը կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ճապոնիայի կառավարությանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ հարատև և արդյունավետ համագործակցության համար։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով այս նախաձեռնությունը կդառնա ներառական և կայուն զարգացման հաջողված օրինակ Հայաստանում», — նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Արման Խոջոյանը։
«Ճապոնիայի հետ ՄԱԶԾ-ի գործընկերությունը շարունակում է փոխակերպող դեր ունենալ Հայաստանի համար ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ երկարաժամկետ զարգացման առաջնահերթություններին արձագանքելու գործում։ Այս նախաձեռնության միջոցով, որը համահունչ է Փախստականների կենսաապահովման ազգային ծրագրին, մենք աշխատում ենք փախստականներին և հյուրընկալող համայնքներին տրամադրել այն գործիքները, հմտությունները և ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են արժանապատիվ և կայուն ապրուստ ունենալու համար», — ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին։ Նա խորին շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի և Հայաստանի կառավարություններին՝ իրենց հաստատուն գործընկերության համար, որի շնորհիվ այս նշանակալի արդյունքներն իրականություն են դառնում։
Ակնկալվում է, որ ծրագրից կօգտվի ավելի քան 100,000 մարդ՝ նոր զբաղվածության հնարավորությունների, ընդհանուր ենթակառուցվածքների, շուկայի հասանելիության ընդլայնման և տեղական տնտեսական համակարգերի ամրապնդման շնորհիվ։ Փախստականների համար հիմնվելու է ավելի քան 100 ջերմոց՝ ժամանակակից սննդի արտադրությունը խթանելու համար։ Ընտանեկան ձեռնարկություններին աջակցելու նպատակով կստեղծվի 60 տնային գյուղապրանքների վերամշակման միավոր, որոնք ընտանիքներին թույլ կտան վերափոխել նախնական արտադրանքը շուկայի համար պատրաստ ապրանքի։
Բաշխման գործընթացը բարելավելու և շուկաներում ներկայությունը ընդլայնելու համար ծրագիրը կստեղծի «Գործենք միասին» (Together We Operate (TWO)) հարթակը, որը կենտրոնացնելու է լոգիստիկան, բաշխումը և շուկայի հասանելիությունը։ Այս ջանքերը լրացնելու համար Բանջարեղենի և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում կստեղծվի ժամանակակից գյուղատնտեսական հանգույց (AgriHub)՝ տրամադրելով ընդհանուր գյուղապրանքների վերամշակման սարքավորումներ, դասընթացներ և ինկուբացիոն ծառայություններ սկսնակ ձեռներեցների համար։
2024-26թթ․ ՄԱԶԾ-ն և Ճապոնիան համատեղ իրականացրել են «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագիրը։ Այն նպաստել է սոցիալական համախմբվածության ամրապնդմանը և կարևոր ծառայությունների՝ ներառյալ առողջապահության, բնակարանային, էներգետիկ և ջրամատակարարման ոլորտներում, որակի և մատչելիության բարելավմանը՝ այդպիսով աջակցելով արժանապատիվ և անվտանգ կենսապայմանների ապահովմանը շուրջ 310,000 տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների անդամների համար։ Նոր ծրագիրը կխթանի խաղաղության հետագա ամրապնդումը՝ առաջնորդվելով մարդասիրական, զարգացման, և խաղաղության առանցքի (humanitarian-development-peace nexus) սկզբունքներով։