Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Կայուն եկամտի աղբյուրի հնարավորություն` գյուղերում․ Ճամբարակում մեկնարկում է արտադրության նոր ծրագիր

Կախասունկ

ՄԱԶԾ-ն Հայաստանի մարզերի գյուղական բնակավայրերում ընդլայնում է իր ծրագրերը՝ տեղի բնակիչներին տալով կայուն եկամտի աղբյուրի հնարավորություն։ Գեղարքունիքում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի մարզերում ավելի վաղ իրականացված չրերի, մեղրի արտադրության, գաստրոպարկերի հիմնման ծրագրերի գոհացուցիչ արդյունքները հիմք հանդիսացան աջակցության աշխատանքների աշխարհագրությունն ընդլայնելու, ինչպես նաև արտադրությունը դիվերսիֆիկացնելու համար։ Վերջին փուլում շեշտը դրվել է կախասնկի արտադրության վրա։ 2023 թ-ին նախաձեռնությունն իրականացրել է ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ 19 հոգի մասնակցել են կախասնկի արտադրության տեսական և գործնական դասընթացներին, որի ընթացքում մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերել կախասնկերի և դրանց աճեցման վերաբերյալ։  Հետագայում այդ մասնակիցներից ընտրվել են 10 շահառուներ, ովքեր ստացել են նյութական օժանդակություն՝ սարքավորումների և կախասնկի պարկերի տեսքով, սեփական արտադրություն հիմնելու համար։  Ներկայումս բոլոր 10 արտադրությունները լիովին կահավորված են և պատրաստ են ամբողջ հզորությամբ գործունեություն ծավալելու համար։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը նշեց, որ նախորդ տարի նախաձեռնությունը սկսել են իրականացնել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։ 36 մասնակից արդեն մասնակցել է տեսական և գործնական դասընթացներին։ Ներկայում ընտրվել է 10 շահառու, որոնք շուտով կստանան սարքավորումներ և շինանյութ՝ իրենց արտադրությունները հիմնելու համար։

«Տրամադրող աջակցությունը մի քանի ուղղությամբ է։ Նախ անցկացվում են մասնագիտական դասընթացներ՝ տեսական և գործնական։ Մասնակիցները հանձնում են քննություն։ Լավագույններն արդեն ստանում են գործնական աջակցություն փոքր բիզնես հիմնելու համար։ Մասնավորապես, կախասնկի արտադրության համար տրամադրում ենք խոնավեցման, օդափոխման համակարգ, օդորակիչ, գործընթացն ավտոմատ կառավարելու համակարգ, անհրաժեշտ շինանյութ՝ տարածքի բարելավման համար, ինչպես նաև կախասնկի արտադրության 50 հատ պարկ»,-ասաց Արման Վալեսյանը։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանը նշեց, որ ծրագիրը առաջիկայում նախատեսում են իրականացնել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և համայնքում մշտական բնակություն հաստատած ԼՂ-ից տեղահանված անձանց համար։ Ծրագրում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերն են՝ Ճամբարակը, Վահանը, Թթուջուրը, Ջիլը, Արտանիշը, Ծափաթաղը։

«Կարող են դիմել բոլոր նրանք, որոնք ունեն ցանկություն։ Առնվազն 30 քմ մակերեսով փակ տարածք։ Մենք կայցելենք բնակավայրերը տեղերում ծրագրի հնարավորություններին ծանոթացնելու համար։ Ծրագրի բուն նպատակը լրացուցիչ եկամուտ ապահովելն է։ Այդ բնակավայրերում բնակիչները եկամուտի պակասի խնդիր ունեն և կախասնկի արտադրության միջոցով կկարողանան այդ բացը լրացնել»,-ասաց Մխիթար Բալայանը։

Ծրագրին մասնակցելու համար կարիք կա լրացնելու հայտը, որը ներկայացված է «Կայուն համայնքների» Facebook-ի էջում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թ-ի փետրվարի 12-ը։

single-post single-post single-post single-post
Աղբյուրը` Արմենպրես
Տարածել`