ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Բերքառատ հող» նախաձեռնության շրջանակում Մասիսի համայնքապետարանի մեծ դահլիճում անցկացվել է «Հողի և ոռոգման ջրի որակի գնահատում, հողի բերրիության բարելավում և բույսերի արդյունավետ սնուցում» թեմայով մասնագիտական դասընթաց։
Դասընթացին մասնակցել է Մասիս համայնքի 19 բնակավայրերից 104 բնակիչ, որից 36-ը Լեռնային Ղարաբաղից փախստական, այդ թվում՝ 54 կին և 50 տղամարդ։ Մասնակիցները ձեռք են բերել կիրառական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ հողի և ոռոգման ջրի որակի գնահատման, հողի բերրիության բարելավման և բույսերի արդյունավետ սնուցման վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում մասնագետները ներկայացրել են Արարատյան դաշտի հողերին բնորոշ հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, անդրադարձել հողի և ոռոգման ջրի լաբորատոր անալիզների նշանակությանը և արդյունքների մեկնաբանությանը։ Ներկայացվել են նաև օրգանական և հանքային պարարտանյութերի արդյունավետ կիրառման, կաթիլային ոռոգման միջոցով պարարտացման (ֆերտիգացիա), կոմպոստի պատրաստման և օգտագործման, կենսապատրաստուկների ու միկրոտարրերի կիրառման, ինչպես նաև ջրախնայող ոռոգման տեխնոլոգիաները։
Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն են ստացել ծրագրի շրջանակում ունենալ անվճար հողի անալիզ, որը հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչներին գնահատել իրենց հողերի վիճակը և ստացված արդյունքների հիման վրա ավելի արդյունավետ կազմակերպել հողի մշակությունն ու բույսերի սնուցումը։
«Բերքառատ հող» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Խթանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների համար դիմակայուն գյուղատնտեսության զարգացումը» ծրագրի շրջանակում։