Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ռազմիկ Գրիգորյան, «Ջերմատուն» ծրագիր

Ջերմատուն

Հաղթահարելով կյանքի մարտահրավերներն ու ոչ մի փուլում չհանձնվելով՝ Ռազմիկ Գրիգորյանն իր ընտանիքի հետ զրոյից ստեղծեց սեփական բիզնես։ Սկզբում անհնար թվացող երազանքն այսօր ջերմատան տեսք ունի, որում ընտանիքով տարատեսակ մշակաբույսեր են աճեցնում։

«Երբ պետք է մասնակցեի դասընթացներին, մտածում էի, որ չեմ կարող հաղթահարել փուլերը, ուր մնաց՝ ընտրվեմ շահառու ու ջերմատուն ունենամ», — պատմում է Ռազմիկ Գրիգորյանը։ «Բայց արի ու տես, որ կարողացա հաղթահարել։ Ջերմատան աշխատանքների սկզբում թվում էր՝ շատ բարդ աշխատանք է, բայց երբ տեսանք առաջին պտուղները, ոգևորվեցինք ու սկսեցինք էլ ավելի մեծ եռանդով աշխատել։ Ամենահաճելին հենց դա է»։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռնության շրջանակում Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռազմիկը ստացել է 150 քմ մակերեսով թունելային ջերմատուն։ Ծրագրի շրջանակում նա մասնակցել է գործնական և տեսական դասընթացների՝ ջերմատնային գյուղատնտեսության և բանջարեղենի աճեցման վերաբերյալ։ Ռազմիկին տրամադրվել է նաև ջերմատան տեղադրման խորհրդատվություն, արտադրության մեկնարկի համար՝ 450 սածիլ և 8 տուփ սերմ, ինչպես նաև վեցամսյա շարունակական խորհրդատվություն և տեղում մասնագիտական աջակցություն։

Ռազմիկը պարբերաբար համացանցով կարդում է ջերմատնային մշակաբույսերի աճեցման մասին և փորձում դրանք կիրառել սեփական արտադրությունում։ Ջերմատանն աճեցնում են լոլիկ, սմբուկ, պղպեղ, կանաչիներ։ Ռազմիկը կատակում է, ասում է՝ մոռացել ենք բանջարեղեն առնելն ինչ բան է։

«Վերջին վաճառքներից մոտ 400,000 դրամ եկամուտ ենք ունեցել, բայց դա միայն ֆինանսական եկամուտն է։ Սրան պետք է գումարենք նաև այն, որ մեր ընտանիքն էլ է սնվում ջերմատան բերքով։ Այսինքն՝ ինչքան ժամանակ է, որ ջերմատունն ունենք, մենք խանութից երբեք չենք գնել լոլիկ, վարունգ կամ պղպեղ։ Եթե մեր օգտագործածն էլ գումարենք վաճառքի եկամտին, կստացվի մոտ 600,000 դրամ եկամուտ։ Ու սա դեռ միայն մեր առաջին տարին է, երբ դեռ շատ փորձ չունեինք», — պատմում է Ռազմիկը։

Զրույցի ընթացքում մեզ է միանում Ռազմիկի կինը՝ տիկին Հազարավարդը, մեծ սեխը ձեռքին ժպտալով դիմում է ամուսնուն ու ասում՝ «դե պատմիր, էս սեխը ոնց ենք աճեցրել»։

«Է՜հ, մենք էլ չգիտենք՝ ոնց ու որտեղից է հայտնվել մեր ջերմատանը։ Սկզբում մտածում էինք, որ վարունգ է, բայց երբ մեծացավ, հասկացանք, որ սեխ է», — ժպտալով պատմում է Ռազմիկն ու առաջարկում փորձել։ «Մենք էլ ենք առաջին անգամ փորձում, շատ համեղ է ու քաղցր»։

Մինչև մենք վայելում էինք ջերմատանն աճեցրած սեխը, տիկին Հազարավարդը ցույց տվեց իր պահածոները։

«Վաճառքից շատ գոհ ենք, մենք էլ ենք տանն օգտվել, ու մի մասն էլ պահածոներ եմ պատրաստել։ Մեր տուն հյուր եկած մարդկանց, մեր հարևաններին միշտ հյուրասիրել ենք մեր ջերմատան բերքը։ Հետո մարդիկ, հավանելով մեր բերքի որակը, վերադառնում ու արդեն գնում էին», — պատմեց Հազարավարդը։

Լեռնային Ղարաբաղից Կապան տեղափոխվելուց հետո Գրիգորյանների ընտանիքը չուներ եկամտի աղբյուր, ջերմատնային տնտեսությունը դարձավ ընտանիքի առաջին ֆինանսական օժանդակությունը։

«90-ականներին պատերազմի ժամանակ վիրավորվեցի ու հիմա առաջին կարգի հաշմանդամություն ունեմ։ Երբ եկանք Կապան, մեզ հետ ոչինչ չէինք բերել։ Առողջական խնդիրներիս պատճառով էլ բարդ էր աշխատանք գտնելը։ Ջերմատունը մեզ շատ է ապահովագրում գյուղացուն ծանոթ խնդիրներից ու դժվարություններից։ Անձրևը, կարկուտը, ուժեղ արևը՝ դրանք բոլորը վնասում են մշակաբույսին։ Կարող ես արթնանալ ու տեսնել, որ գիշերը մի քանի րոպեում կարկուտը ամբողջ չարչարանքդ հողին է հավասարացրել, իսկ ջերմատան պարագայում մենք հանգիստ ենք, որ այդ խնդիրը չկա», — պատմում է Ռազմիկը։

Գրիգորյանների ընտանիքն արդեն պլանավորել է գալիք տարվա անելիքները, որոշել են, թե ինչ սածիլներ են տնկելու։ Իսկ ձմռան ամիսներին արդեն նախապատրաստել են ջերմատունը, որպեսզի տարատեսակ կանաչիներ ու հատուկ ժենգյալով հացի կանաչիներ աճեցնեն մինչև եղանակների տաքանալը։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`