Լեռնային Ղարաբաղից 44 մասնակից հաջողությամբ ավարտեցին հրուշակագործության և կարիմասնագիտական դասընթացները Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ)։ Երկամսյա անվճար դասընթացները կազմակերպվել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին և հյուրընկալհամայնքներին» ծրագրի շրջանակում, և ֆինանսավորվել Ֆրանսիայի կառավարության կողմից։ Արդյունքները այսօր նշվեցին սերտիֆիկատների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյեն և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Նրանք շրջեցին կենտրոնում և մասնակցեցին հրուշակագործության վարպետաց դասին։ Դեսպան Դեկոտինյեն և Նաթիա Նացվլիշվիլին շահառուների հետ միասին տեղում պատրաստեցին շոկոլադե լավա-թխվածք։
«Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնում արդեն դասավանդվում են բազմաթիվ տարբեր մասնագիտություններ։ Այս կենտրոնը, որը ֆինանսավորվում է ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության կողմից, կշարունակի իր նվիրումը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից փախստականներին», – նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյեն։
«Այս նախագիծը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից փախստականների կենսապահովման միջոցները և նրանց ինտեգրումը։ Շնորհակալ ենք, որ Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը հատկացրել է միջոցներ, որոնց շնորհիվ կարողացանք աջակցել կենտրոնին և վերապատրաստել 44 մասնակիցների», – ընդգծեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ և նվերներ, իսկ 24 լավագույնները՝ մասնագիտական գործիքակազմեր՝ սեփական փոքր բիզնեսը սկսելու համար։
Մասնագիտական հմտություններից բացի, մասնակիցներն այժմ վստահորեն կարող են աշխատանքի անցնել որևէ կազմակերպությունում կամ հիմնել իրենց սեփական բիզնեսը։