ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) կազմակերպել էր հրուշակագործության և կարուձևի երկամսյա անվճար դասընթացներ։ Դասընթացների նպատակն էր աջակցել մասնակիցներին զարգացնելու իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները՝ հետագայում աշխատանք գտնելու կամ սեփական բիզնես հիմնելու համար։
Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել է Լեռնային Ղարաբաղից 44 փախստական, ովքեր 108-ժամյա մասնագիտական ծրագրից հետո կարող են վստահ քայլերով հիմնել սեփական բիզնես կամ աշխատանք գտնել ոլորտում։
Հրուշակագործության դասընթացի մասնակիցները քննության ժամանակ ստացել են պատահական բաղադրատոմս, որի հիման վրա պատրաստել են քաղցրավենիք։ Մասնագիտական ժյուրին համտեսելով և գնահատելով աշխատանքի տեսքը, մաքրությունը, բաղադրիչների ճիշտ օգտագործումը և մատուցումը՝ գնահատել է բոլոր մասնակիցներին։
Կարուձևի դասընթացի մասնակիցներին քննության ընթացքում հանձնարարվել էր կարել բազկակար և օձիք։ Մասնագիտական ժյուրին գնահատել է կատարված աշխատանքների տեխնիկան, մաքրությունը և վերջնական տեսքը։
Քննությունների արդյունքների և դասընթացներին մասնակցության ընդհանուր գնահատականները միասին հաշվի առնելով՝ հանձնաժողովը կկայացնի որոշում և կընտրի 24 լավագույն շրջանավարտների, ովքեր կստանան մասնագիտական գործիքակազմ՝ սեփական փոքր բիզնեսը հիմնելու համար։ ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից։