Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Գաղափարից՝ բիզնես․ «Նեքսուս Գորիս» ծրագրի մասնակիցները ներկայացրել են ջերմատնային բիզնեսի իրենց գաղափարները

Ջերմատուն

Գորիսում «Նեքսուս Գորիս» ծրագրի մասնակիցները գնահատող հանձնաժողովին են ներկայացրել ջերմատնային տնտեսություն հիմնելու իրենց բիզնես-գաղափարները։ 18 մասնակիցները ներկայացրել են առաջարկվող մշակաբույսերի տեսակները, դրանց աճեցման և վաճառքի պլանները, հաշվարկել ջերմատնային տնտեսություն հիմնելու ծախսերը, ակնկալվող եկամտի չափը։ Մասնակիցներն առաջարկել են ջերմատնային պայմաններում աճեցնել գունավոր դդմիկներ, տարատեսակ լոլիկներ, գունավոր պղպեղներ, վարունգ, կանաչիներ, որոնք մշտապես շուկայում մեծ պահանջարկ են վայելում և համեմատաբար ավելի թանկ են։ Հանձնաժողովի կազմում էին ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Սերգեյ Չաշիխինը և Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Ծրագրի արդյունքները տպավորիչ էին։ Մանրամասն լսեցինք բոլոր մասնակիցների ելույթները։ Հետաքրքիր է, որ գրեթե բոլոր մասնակիցները ներկայացրել էին յուրօրինակ գաղափարներ՝ շուկայում մեծ պահանջարկ ունեցող մշակաբույսեր աճեցնելու մասին։ «Նեքսուս Գորիս» ծրագրի հիմնական նպատակը քաղաք-գյուղ կապն ամրապնդելն է, այն փոխադարձ զարգացնելը։ Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո, կդիտարկենք Նեքսուս մոդելը այլ ծրագրերում ինտեգրելու տարբերակները»,-նշեց ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը:

«Ուրախ ենք, որ նման կարևոր ծրագրեր են իրականացվում Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ։ Սյունիքում մենք հասցրեցինք այցելել մի քանի ջերմատնային տնտեսություններ ու համոզվեցինք, որ ծրագրերն իսկապես հաջողված են, մարդկանց կյանքն ու ապրելակերպն իրապես փոխվում է»,-ընդգծեց ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Սերգեյ Չաշիխինը։

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրն ի սկզբանե «Նեքսուս Գորիս» նախաձեռնությունը ներկայացրել էր Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերինշեն և Ակներ բնակավայրերի համար՝ որպես նոր մոդելի պիլոտային ծրագիր։ Այս մոդելը միավորում է գյուղական և քաղաքային համայնքների ռեսուրսներն ու հնարավորությունները՝ նպաստելով համագործակցությանը և տնտեսական զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը։

«ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունենք և շատ դրական արդյունքներ ունենք արձանագրած։ Ծրագրի հաջողությունը առաջին հերթին մեծ ձեռքբերում է համայնքի համար, քանի որ փոխվում է մարդկանց կյանքի որակը»,- կարևորեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած դիմորդները մասնակցել են Գորիսում «Ջերմատնային պայմաններում բույսերի մշակում» երկօրյա տեսական դասընթացին, ապա մասնակցել նաև բիզնեսի և ձեռնարկատիրության մոդելի մշակման երկօրյա դասընթացի։

Շահառուների վերջնական ընտրությունը կկատարվի ընդհանուր բոլոր դասընթացների, վերապատրաստումների և գնահատող հանձնաժողովի գնահատականների հիման վրա։

single-post single-post single-post single-post single-post

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`