Աղնջաձորում մեկնարկած ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Քաղցր գյուղ» նախագծի շրջանակում, ընտրված 9 շահառուներից 6-ը, որոնք ընտրել էին խոշոր կամ ընդլայնվող մեղվաբուծական տնտեսության մոդելը, ստացել են էլեկտրական հովիվներ։
Մեղվափեթակների շրջակայքում էլեկտրական հովվի տեղադրումը ամենաարդյունավետ միջոցն է վայրի կենդանիներից պաշտպանվելու համար, քանի որ այն ստեղծում է արհեստական արգելք՝ թույլ չտալով վայրի կենդանիներին մտնել և վնասել փեթակները։ Էլեկտրական հովիվը հոսանքի թեթև հարվածով առանվ վնասելու վանում է վայրի կենդանիերին։ Օրինակելի մեղվաբուծական տնտեսություններ հիմնելու կարևոր քայլերից մեկը հենց որակյալ էլեկտրական հովվի տեղադրումն է, որը պաշտպանում է մեղվանոցները և գրեթե բացառում մարդկանց և վայրի կենդանիների բախումը։
«Քաղցր գյուղ» նախագծի շրջանակում շահառուների համար Աղնջաձորում կազմակերպվել էր պրակտիկ դասընթաց, որի շրջանակում ներկայացվեց էլեկտրական հովիվ տեղադրելու և շահագործելու տեխնիկական պահանջներն ու նրբությունները։ Ծրագրի պահանջով էլեկտրական հովվի ամբողջ շրջակայքում տեղադրվելու են զգուշացնող վահանակներ մարդկանց համար։
«Քաղցր գյուղ» նախագծի բոլոր շահառուները միասին «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից արդեն ստացել են ընդհանուր՝ 105 պոլեուրեթանից փեթակ, պարագաների 9 հավաքածու (որը ներառում է՝ ջրի տարրա և տախտակ, գրանցամատյան) և շինանյութ՝ փեթակների բարեկարգման համար (այդ թվում՝ 355լ ներկ, 25կգ հեղուկ ծեփամածիկ, 30լ սոսինձ), իսկ շահառուները տեղադրել են մեղվաընտանիքներ, իրականացնում են իրենց ունեցած փեթակների, մեղվանոցային տարածքի, գույքի, պահեստային տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
«Բոլոր 9 շահառուները մեծ ոգևորությամբ մասնակցեցին էլեկտրական հովվի տեղադրման ու շահագործման դասընթացին։ Շահառուները նշեցին, որ որակյալ, արևային էներգիայով սնուցվող, շանթարգել ունեցող էլեկտրական հովիվ ունենալը մեծ անհրաժեշտություն է իրենց տնտեսությունների համար»,-նշում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Լուսինե Բալայանը։
«Քաղցր գյուղ» նախագիծը համաֆինանսավորման մոդել է, որը նպատակ ունի զարգացնել համայնքի սոցիալ–տնտեսական կայունացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, խթանելով մեղվամթերքի արտադրությունն ու իրացումը, ինչպես նաև զարգացնելով գյուղի զբոսաշրջային ներուժը։