Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Աղնջաձորում մեկնարկել է «Քաղցր գյուղ» նախագիծը. աշխատանքներն ընթանում են

Արդեն հայտնի են Աղնջաձորում մեկնարկած ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում մշակված «Քաղցր գյուղ» նախագծի 9 շահառուները։ Մեղվաբուծության օրինակելի մոդելային համայնք ստեղծելու առաջին քայլերն արված են՝ ընտրված 9 շահառուներից 3-ը նախընտրել են փոքր, իսկ 6-ը՝ խոշոր կամ ընդլայնվող մեղվաբուծական տնտեսությունների մոդելներ։

«Քաղցր գյուղ» նախագծի բոլոր շահառուները  միասին «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից արդեն ստացել են ընդհանուր՝ 105 ППУ փեթակ, պարագաների 9 հավաքածու (որը ներառում է՝ ջրի տարրա և տախտակ, գրանցամատյան) և շինանյութ՝ փեթակների բարեկարգման համար (այդ թվում՝ 355լ ներկ, 25կգ հեղուկ ծեփամածիկ, 30լ սոսինձ), իսկ շահառուները տեղադրել են մեղվաընտանիքներ, իրականացնում են իրենց ունեցած փեթակների, մեղվանոցային տարածքի, գույքի, պահեստային տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ։

Ծրագրի փորձագետները մշտապես մոնիտորինգ են իրականացնում Աղնջաձորում, հետևում ընթացիկ աշխատանքներին։ Շահառուների համար կազմակերպվում են  մասնագիտական դասընթացներ և տրամադրվում խորհրդատվություն։ Մեղրաքամից հետո արտադրանքի որակի հավաստման համար իրականացվելու են նաև լաբորատոր փորձարկումներ։

«Ծրագիրը մեծ ոգևորությամբ առաջ է շարժվում, արդյունքներն արդեն տեսանելի են։ Մշտապես կապի մեջ ենք բոլոր 9 շահառուների հետ, այցելում ենք իրենց տնտեսություններ և հետևում կատարվող աշխատանքներին։ Աղնջաձորցիները շատ ոգևորված են, որ հենց իրենց գյուղն ենք ընտրել այս նախագծի համար։ Կարգախոսն ինքնին խոսուն է «Քաղցր գյուղ՝ համատեղ ուժերով»»,-նշում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Լուսինե Բալայանը։

Քանի որ «Քաղցր գյուղ» նախագիծն ունի նաև բնակավայրի զբոսաշրջային պոտենցիալը զարգացնելու նպատակ, «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է նաև առանձին լոգո, որով ավելի ճանաչելի կդառնան օրինակելի մեղվաբուծական տնտեսությունները։ Արտադրական տարածքներում կտեղադրվեն ցուցանակներ և կողմնորոշիչ վահանակներ։

«Քաղցր գյուղ» նախագիծը համաֆինանսավորման մոդել է, որը նպատակ ունի զարգացնել համայնքի սոցիալ–տնտեսական կայունացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, խթանելով մեղվամթերքի արտադրությունն ու իրացումը, ինչպես նաև զարգացնելով գյուղի զբոսաշրջային ներուժը։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`