Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

«Nexus Kapan 2» ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները

Ջերմատուն

2026 թվականի մայիս–հունիս ամիսներին Կապան համայնքում իրականացվել է ջերմատնային տնտեսության զարգացմանն ուղղված վերապատրաստումների և մասնակիցների ընտրության բազմափուլ գործընթացը։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրն իրականացնում է «Nexus Kapan 2․ Ջերմատնային ձեռնարկատիրության կլաստերի ընդլայնում» նախաձեռնությունը, որի նպատակն է զարգացնել Կապան համայնքում ձևավորված ջերմատնային տնտեսությունների կլաստերը և ամրապնդել գյուղական բնակավայրերի ու քաղաքային շուկաների միջև տնտեսական կապերը։

Ծրագրի առաջին փուլում՝ մայիսի 19–20-ին, անցկացվել է երկօրյա ինտենսիվ տեսական դասընթաց՝ ջերմատնային պայմաններում բույսերի մշակման թեմայով, որին մասնակցել է 45 դիմորդ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ ջերմատնային տնտեսության կազմակերպման և կառավարման, ժամանակակից ջերմատների կառուցվածքի, հողի և սուբստրատների նախապատրաստման, սածիլների արտադրության, ոռոգման և պարարտացման համակարգերի, բույսերի պաշտպանության, հիվանդությունների և վնասատուների կանխարգելման, ինչպես նաև բերքահավաքի, արտադրանքի պահպանման և տնտեսության արդյունավետ կառավարման վերաբերյալ։

Դասընթացից հետո ծրագրի փորձագետները այցելել են բոլոր մասնակիցների տնտեսություններ՝ գնահատելու ջերմատների տեղադրման հնարավորությունները, հողատարածքների և ջրամատակարարման պայմանները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնակցի մոտիվացիան, պատրաստվածությունը և ծրագրին երկարաժամկետ մասնակցելու ներուժը։

Ընդհանուր արդյունքների գնահատումների հիման վրա ընտրվել է 27 մասնակից, որոնք հունիսի 22–23-ին մասնակցել են ձեռնարկատիրության և բիզնեսի զարգացման երկօրյա դասընթացին։ Վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ջերմատնային տնտեսությունը որպես կայուն և եկամտաբեր բիզնես զարգացնելու համար։ Դասընթացի շրջանակում քննարկվել են ագրոբիզնեսի կազմակերպման սկզբունքները, բիզնես մոդելի մշակումը, շուկայի ուսումնասիրությունը, շուկայավարման ռազմավարությունները, գնագոյացումը, ֆինանսական պլանավորումը, ռիսկերի կառավարումը և բիզնես գաղափարների ներկայացման արդյունավետ մեթոդները։ Փորձագետների աջակցությամբ յուրաքանչյուր մասնակից մշակել է սեփական բիզնես մոդելը, կատարել նախնական ֆինանսական հաշվարկներ և պատրաստել իր բիզնես առաջարկը։

Հունիսի 30-ին կազմակերպվել է բիզնես գաղափարների ներկայացում` Pitching, որի ընթացքում մասնակիցները փորձագիտական ժյուրիին ներկայացրել են իրենց մշակած առաջարկները։ Գնահատման ընթացքում հաշվի են առնվել առաջարկների տնտեսական հիմնավորվածությունը, տեխնիկական իրագործելիությունը, ֆինանսական կենսունակությունը, շուկայական ներուժը, ինչպես նաև մասնակիցների ձեռնարկատիրական մտածողությունն ու ծրագրի իրականացման պատրաստվածությունը։

Առաջիկայում կամփոփվեն գնահատման արդյունքները և կընտրվեն ծրագրի վերջնական շահառուները։ Նրանք հնարավորություն կստանան իրենց տնտեսություններում տեղադրելու ժամանակակից ջերմատներ և ստանալու տեխնիկական, խորհրդատվական ու մենթորական աջակցություն։ Ծրագրի արդյունքում շահառու ընտանիքները կկարողանան զարգացնել մրցունակ ջերմատնային տնտեսություններ, բարձրացնել գյուղատնտեսական արտադրողականությունը, ստեղծել եկամտի կայուն աղբյուրներ և նպաստել Կապան համայնքում գյուղատնտեսական ձեռնարկատիրության զարգացմանը։


«Nexus Kapan 2» նախագիծն իրականացվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից` Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ:

single-post single-post single-post single-post single-post single-post single-post
Տարածել`