Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Ալմարա Հարությունյան, «Քաղցր տուն» ծրագիր

Չիր-Չիր Քաղցր Տուն

Չրագործությունը սիմֆոնիայի հետ համեմատող տիկին Ալմարան առաջին մասնագիտությամբ մանկավարժ է, բայց երբեմն մանկավարժ-չրագործի մասնագիտությունները տեղերով փոխվում են․ պատճառը նոր արտադրամասն է` Ալմարայի «Քաղցր տունը»։

«Սեփական արտադրամաս ունենալը անկատար երազանք էր ինձ համար։ Չէի պատկերացնում, որ հոբբին մի օր կդառնա մասնագիտություն, հետո նաև՝ եկամտի աղբյուր», – ասում է Ալմարա Հարությունյանը։

ՄԱԶԾ «Չիր-չիր» ծրագրի հայտարարությունը տեսել է համացանցում, սակայն մտածել է, թե այն միայն հմուտ չրագործների համար է։ Դասընթացին մասնակցելու հայտը իր փոխարեն լրացրել են տիկին Ալմարայի հարսները, և մի օր նա ստացել է զանգ՝ դասընթացին մասնակցելու հրավերով։

«Անակնկալի եկա, երբ զանգեցին ու ասացին, որ հայտը հաստատվել է, և կարող եմ մասնակցել դասընթացին։ Միշտ սիրել ու կարևորել եմ սովորելն ու նոր գիտելիք ստանալը։ Մեծ սիրով մասնակցեցի բոլոր դասընթացներին, որովհետև սիրում եմ չրագործությունը։ Վերջում, երբ քննություն հանձնեցինք, մտածում էի՝ չեմ կարող բավարար միավորներ հավաքել, սակայն արի ու տես, որ հենց ես էի ամենաբարձր միավորները հավաքել», – ուրախությամբ կիսվում է Ալմարան։

Ալմարա Հարությունյանը «Քաղցր տուն» ծրագրի հաջողակ շահառուներից մեկն է։ ՄԱԶԾ «Քաղցր տուն» ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով։ Նպատակը գյուղական բնակավայրերում միրգ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող փոքր բիզնեսներին աջակցելն է՝ արտադրողներին, որոնք պատրաստում են քաղցրավենիք, չրեր, մուրաբաներ, մեղրամթերք։ Ծրագրի շրջանակում տրամադրվել են գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորումներ և արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ չժանգոտող պողպատից արտադրական գույք՝ այդ թվում չրի չորացման ցանցեր, էլեկտրական չորանոց, կաթսա, ավտոկլավ։ Իրականացվել են նաև վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություն։

««Քաղցր տուն» ծրագիրն իմ առջև նոր հորիզոններ բացեց։ 2020 թվականին տեղահանվելուց հետո, երբ ընտանիքով եկանք ու հաստատվեցինք Հնաբերդում, շատ տարակուսած էի, չգիտեի՝ ինչո՞վ զբաղվեմ ու առհասարակ ի՞նչ անեմ։ Հուսահատությունս մեծ էր։ Բայց հետո իմ կյանքում հայտնվեց «Քաղցր տուն» ծրագիրն ու ոգեշնչեց՝ նոր եռանդով սկսել բիզնես։ Անկեղծ ասած, այս գործը վերաիմաստավորեց իմ կյանքը։ Հիմա ամեն օր աշխատում եմ ինքս ինձ վրա՝ օր օրի ավելի հմտանալու համար։ Այս աշխատանքն ինձ ուժ է տալիս ու մոտիվացնում», – պատմում է Ալմարա Հարությունյանը։

Ներկայիս արտադրամասի տարածքում մինչև նորոգումը անասնագոմ է եղել։ Ալմարայի ու իր ընտանիքի անդամների համար դժվար էր հավատալ, որ քարուքանդ անասնագոմը հնարավոր է վերածել ժամանակակից արտադրամասի։ Տիկին Ալմարան հաճախ կատակում է՝ «Նույնիսկ հարսներիս չեմ թողնում առանց բախիլների մտնեն արտադրամաս»։ Իսկ չիր պատրաստելու ամբողջ գործընթացը հենց Ալմարան է վերահսկում։

«Մոտ 10 տարի զբաղվում եմ չրագործությամբ։ Նախկինում տատիկս ու մայրիկս էին պատրաստում, ես էլ միշտ հետևում ու սովորում էի։ Հետագայում սկսեցի ես էլ պատրաստել և շատ էի սիրում փորձարկել։ Օրինակ՝ դեղձի թուրմով փորձել եմ խնձորի չիր պատրաստել։ Դասընթացներին մասնակցելով՝ շատ գիտելիքներ ձեռք բերեցի չրագործության մասին։ Եթե նախկինում ամեն ինչ անում էի աչքաչափով կամ իմ քիմքին համապատասխան, հիմա ամեն ինչ պատրաստում եմ ճիշտ չափաբաժիններով, ըստ ընթացակարգի և իհարկե՝ ժամանակակից սարքավորումներով», – շեշտում է Ալմարան։

single-post single-post single-post single-post single-post single-post

Նոր սարքավորումների շնորհիվ չիր պատրաստելու գործընթացը մի քանի անգամ արագացել է, իսկ ծավալները՝ եռապատկվել։ Տիկին Ալմարայի «մարկետինգային» ռազմավարությունը շատ պարզ է ու արդյունավետ՝ հյուրասիրում է բոլորին, և ով մեկ անգամ փորձում է իր պատրաստած չիրը, դառնում է հաճախորդ։ «Միշտ հյուրերիս չիր եմ հյուրասիրում, ու իմ հաճախորդների բազան այդպես է ձևավորվել։ Հավանել են, մեկը մյուսին ասել է ու տարածվել է», – պատմում է Ալմարան։

single-post single-post single-post single-post single-post single-post single-post

Հաջորդ փուլում պլանավորում է ունենալ սեփական բրենդը, որպեսզի արտադրանքը դառնա ճանաչելի շուկայում։ Չրերի բրենդը կրելու է հենց իր անունը՝ Almara։

Տարածել`