Քառօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Հայաստանի մարզեր, հանդիպել մարզպետերի, համայնքապետերի և քաղաքապետերի հետ, այցելել է նաև ՄԱԶԾ շահառուների։
Արմավիրի մարզում պատվիրակությանն ընդունել է Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Հանդիպմանը դեսպանը կարևորել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Հայաստանի տեղական իշխանությունների համագործակցությունը: Կոնստանտին Սոկուլսկին նշել է, որ ՄԱԶԾ-ի համար կարևոր առաջնահերթություն է փախստականներին աջակցությունը և հույս հայտնել, որ այս հանդիպումները նոր համագործակցությունների հիմք կդառնան։ Պատվիրակության անդամները նաև առանձին հանդիպում են ունեցել Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի հետ։
Պաշտոնական այցի հաջորդ կանգառը Վաղարշապատ համայնքն էր, որտեղ ֆրանսիացի հյուրերին ընդունել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներն ու առաջնահերթույունները և Վաղարշապատ համայնքում ապաստանած փախստականներին վերաբերող հարցեր և հնարավոր հեռանկարներ: Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին հայ-ֆրանսիական գործակցության համար կամուրջներ ստեղծելու և համայնքում իրականացրած մի շարք ծրագրերի համար:
Ֆրանսիայի պատվիրակությունն այցելել է նաև Արարատի մարզ, հանդիպել մարզպետ Սեդրակ Լևոնյանի և Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանի հետ, որից հետո առանձին հանդիպումներ են եղել Արարատի մարզի Մասիս և Վեդի համայնքների ղեկավարների հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցությանն ուղղված նախաձեռնությունները, որոնք իրականացվել են Մասիս և Վեդի համայնքներում։ Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի փախստականների համար կառուցված սոցիալական կացարան, որը կառուցվել է ՄԱԶԾ-ի կողմից, համալրվել է կահույքով և կենցաղային տեխնիկայով, որը տրամադրվել է ՄԱԿ-ի փախստականների գործակալության աջակցությամբ՝ Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Մասիսի նախկին չօգտագործվող մարզադպրոցի շենքը վերապրոֆիլավորվել է և վերածվել 18 ժամանակակից կացարանների, որը հնարավորություն է տվել տեղավորել ավելի քան 70 փախստականների:
Ֆրանսիական պատվիրակությունն այցելել է Վեդի համայնքի Տափերականի նոր վերանորոգված ամբուլատորիա։ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի միջոցով հին, ճաքած պատերով, հակասանիտարական պայմաններ ունեցող ամբուլատորիան հիմնանորոգվել և վերածվել է ժամանակակից բժշկական կառույցի, որը համապատասխանում է առողջապահական բոլոր չափանիշներին և ծառայելու է ավելի քան 5000 մարդկանց։
Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շահառու Մելինե Խնձրցյանի «Քաղցր տանը», որտեղ հյուրերը ծանոթացել են գյուղական բնակավայրում միրգ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող փոքր բիզնեսին, որն արտադրում է քաղցրավենիք, չրեր, մուրաբաներ, մեղրամթերք և հյութեր։ Շրջայցի ժամանակ ֆրանսիացի հյուրերը ծանոթացել են գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորումներին, որոնք տրամադրվել են ՄԱԶԾ կողմից։
Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունը Հայաստանում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրավերով՝ ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում։