ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունը։ 12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ տեղական համայնքների հետ կապեր հաստատելու, փորձի փոխանակման, ինչպես նաև փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման և աջակցության ոլորտում հնարավոր համագործակցության շրջանակը քննարկելու նպատակով։
Ֆրանսիական պատվիրակությանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Ներկայացնելով ՄԱԶԾ գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, նա կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում։
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը երկար տարիների պատմություն և փորձ ունի։ Վստահ եմ, որ այս համագործակցությունը նոր ուղենիշ կդառնա երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարությունների միջև՝ ի աջակցություն Հայաստանում փախստականների ճգնաժամին։ ՄԱԶԾ-ն արդեն 30 տարի Հայաստանում է և մշտապես կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ անկախացումից ի վեր։ 2023 թվականին Հայաստանում փախստականների ճգնաժամի առաջին օրվանից ՄԱԶԾ-ն բազմաթիվ այլ գործընկերների հետ աջակցել է ճգնաժամի կարգավորմանը»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպել է նաև ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիի հետ։ Հյուրերը հնարավորություն են ունեցել մանրամասն ծանոթանալ փախստականների աջակցությանն ուղղված ծրագրերին և հարցեր ուղղել փախստականների ինտեգրման և մարտահրավերների մասին։
Հայաստան ժամանած ֆրանսիական պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի հետ զրույցում քննարկվել են համատեղ նախագծերի իրականացումն ու համայնքների հետ գործակցության հնարավորությունները։ Ֆրանսիացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել սերտ գործակցել նախարարության հետ՝ նոր ծրագրերի հայտեր ներկայացնելու մասին։