Երբևէ մտածե՞լ եք, որ տան սենյակներից մեկնումեկը ոչ այնքան լիարժեք ու նպատակային եք օգտագործում, ուրեմն ծանոթացեք Վարդուհի Բարսեղյանի հետ․ Վարդուհին իր սենյակը վերածել է պրոֆեսիոնալ կարի արտադրամասի, որտեղ ստեղծված հագուստները հագնում են Երևանից մինչև Արգենտինա։
Երիտասարդ դիզայներ, հագուստի մոդելավորող Վարդուհի Բարսեղյանը երկար տարիներ երազում էր ունենալ իր սեփական կարի արտադրամասը, որը հագեցած կլիներ ժամանակակից կարի մեքենաներով և կարուձևի համար նախատեսված պրոֆեսիոնալ գույքով։ Երազանքից՝ իրականություն ճանապարհին հայտնվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ու Վարդուհուն օգնեց վճռորոշ քայլ կատարել։ Արարատի մարզի Գինեվետ բնակավայրում իր հայրական տանը, իր նախկին ննջարանի փոխարեն հիմա պրոֆեսիոնալ կարի արտադրամաս է՝ հագեցած բոլոր հարմարություններով ու տեխնիկայով։ Առաջին հայացքից դժվար է կռահել, որ հեռավոր ու գողտրիկ Գինեվետում սեփական տան սենյակներից մեկում հնարավոր է այսպիսի արվեստանոց ունենալ։ Վարդուհին մասնակցել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ես կարող եմ» ծրագրին և հավանության արժանացել իր բիզնես գաղափարի համար։ Ծրագրի շրջանակում հիմնադրվել է Վարդուհու կարի արտադրամասը, տրամադրվել են պրոֆեսիոնալ կարի մեքենաներ և գույք։ Բացի գույքային աջակցությունից, «Ես կարող եմ» ծրագրի շրջանակում Վարդուհին 1 ամիս սովորել է բիզնես պլանի կազմում, ֆինանսական կառավարում, մարքեթինգ և գործնական բանակցություններ վարելու հմտություններ։
«Մինչև ծրագրին մասնակցելը զբաղվում էի կարուձևով, սակայն համապատասխան պայմաններ և հարմարություններ չունեի։ Կար ընդամենը մեկ կարի մեքենա, որը նախատեսված էր միայն հաստ կտորներ կարելու համար․ չունեի ոչ սեղան, ոչ էլ՝ պրոֆեսիոնալ արդուկ: Երբ տեսա հայտարարությունը իմ կյանքում շատ բարդ շրջան էր և մտածում էի՝ գուցե հիմա ճիշտ պահը չէ ծրագրին դիմելու, սակայն, այնուամենայնիվ, որոշեցի դիմել։ Հետո հեռախոսազանգ ստացա և հրավիրեցին հարցազրույցի։ Շատ ոգևորվեցի»,-պատմում է Վարդուհին։
Ծրագրի շրջանակում Վարդուհուն տրամադրվել են թվային պրոֆեսիոնալ կարի մեքենաներ, որոնք հնարավորություն են տալիս աշխատել տարբեր տեսակի կտորների հետ ու ստանալ որակյալ արդյունք։
«Հիմա ունեմ 4 կարի մեքենա նախատեսված նախշեր և կաշվե կտորներ կարելու համար։ Մեկը հատուկ նախատեսված է միայն կաշվե կտորների համար։ Երբեմն կատակում եմ, ասում եմ՝ եթե այս կարի մեքենան տղամարդ լիներ հաստատ կամուսնանայի հետը։ Ամենաշատը հենց այս կարի մեքենան եմ օգտագործում, որովհետև շատ բազմապրոֆիլ է»,-պատմում է Վարդուհին։
Վարդուհին արդեն 5 տարի է ունի իր սեփական հագուստի բրենդը, որը կոչվում է Underline: Մինչև ծրագրին մասնակցելը Վարդուհին կարում էր միայն վերարկուներ, իսկ նոր կարի մեքենաներ ձեռք բերելուց հետո կարում է նաև տաբատներ, վերնաշապիկներ, ժիլետներ և զգեստներ։ Թվային կարի մեքենաները հեշտացրել են գործը և արագացրել տեմպը։
«Ծրագրի շահառու դառնալուց հետո իմ սենյակում շատ բան է փոխվել։ Առաջ վերանորոգված չէր, իսկ հիմա ամբողջ ինտերիերը փոխվել է։ Առաջ սեղան էլ չունեի ու ստիպված հատակին էի արդուկում։ Ծրագրի աջակցությամբ նաև արդուկ եմ գնել, որը կարող է հաստ և ծանր կտորներ արդուկել․ կենցաղային արդուկով նման ծալքեր չես կարող ստանալ։ Հիմա ինձ համար հարմարավետ պայմաններ են ու կարող եմ օրական 12 ժամ աշխատել ու ընդհանրապես հոգնածություն չզգալ»,-պատմում է Վարդուհին։ Underline բրենդն ամեն տարի թողարկում է երկու նոր հավաքածու՝ գարուն-ամառ և աշուն-ձմեռ, որոնք վաճառվում են «5 կոնցեպտ» խանութում, որը հայկական արտադրության իրերի բրենդային խանութ է։ Խանութ-սրահում երիտասարդ դիզայների կարած հագուստները գրավում են հատկապես արտասահմանցիներին։ Զբոսաշրջիկներին տպավորում է անսովոր ու տարբերվող հեղինակային դիզայնը, որն արտադրված է Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Գինեվետ գյուղում։