Ինչպե՞ս չհանձնվել կյանքի ամենաբարդ փուլում ու պայքարել՝ նայելով առաջ։ Սոֆյա Սուքիասյանի հաջողության պատմությունն ունի հուզիչ սկիզբ, բայց ժպիտով շարունակություն․ կյանքը կոփել է ու սովորեցրել չհանձնվելու բարդ արվեստը։
«Ամուսնուս մահից հետո անասելի բարդ փուլ սկսվեց իմ կյանքում։ Դժվար էր կենտրոնանալը կամ որևէ բանով զբաղվելը»,-պատմում է Սոֆյան․ «Բայց ես նայում էի երեխաներիս ու հասկանում, որ չեմ կարող այսպես երկար մնալ։ Հասկացա, որ պետք է մտածեմ երկու երեխաներիս ու նրանց ապագայի մասին»։
2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ ամուսնուն կորցնելուց հետո Սոֆյան որոշեց վերսկսել մասնագիտական աշխատանքը, որպեսզի կարողանա հոգալ երկու երեխաների և իր կարիքները։ Վարսահարդարությունն իր ամենասիրելի զբաղմունքն է եղել, սակայն ամուսնու մահից հետո դադարել էր զբաղվել վարսահարդարությամբ․ «Այցելում էի մարդկանց տները, քանի որ իմ տանը հարմարություններ չկային հաճախորդին վարսահարդարելու: Մեկ օրվա մեջ հասցնում էի այցելել մոտ 4-5 տուն, սակայն շատ արագ հոգնում ու սպառվում էի»,-պատմում է Սոֆյան։
Սեփական գեղեցկության սրահ ունենալու մասին մտքերը միշտ են եղել, բայց Սոֆյան չէր պատկերացնում, որ երազանքն այդքան արագ կարող է իրականություն դառնալ, դեռ մի բան էլ ուժ տա իրեն․ «Երկար տարիներ երազել եմ ունենալ իմ սեփական գեղեցկության սրահը, բայց գումարի սղության և հանգամանքների պատճառով երբեք չեմ կարողացել քայլ անել: Երբ իմացա ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մասին, այդ ժամանակ դեռ չէի վերսկսել աշխատանքս։ Ծրագիրը, կարծես, ինձ նոր ուժ տվեց առաջ շարժվելու ու դեպի ապագան նայելու»,-պատմում է Սոֆյան։
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի աջակցությամբ Արենիում Սոֆյայի տան մոտակայքում հիմքից կառուցվել է նոր գեղեցկության սրահ, որը հագեցած է կոմունալ բոլոր հարմարություններով ու կահույքով։ Արենիի համայնքի ղեկավարն իմանալով «Կայուն համայնքներ» ծրագրի մասին, առաջարկել է ՄԱԶԾ թիմին ծրագրերում դիտարկել նաև Սոֆյային։ Այսպես, ծանոթանալով Սոֆյայի գոծունեությանն ու պրոֆեսիոնալիզմին, «Կայուն համայնքներ» ծրագրի թիմը որոշեց օգնել Սոֆյային իրականացնել երազանքը։ Գեղեցկության սրահը Սոֆյայի ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է։ Սոֆյան խոստովանում է, որ գեղեցկության սրահի աշխատանքն իրեն օգնեց հաղթահարել կյանքի ծանր փուլը, ուժերն ի մի բերել ու նայել առաջ․
«Գեղեցկության սրահ բացելու լուրը գյուղում բոլորի համար շոկային էր։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ ինձ հետ պատահած դժբախտությունից հետո կարող եմ այդքան ուժ հավաքել: Հասկացա, որ իմ եսը պետք է մի կողմ դնեմ ու մտածեմ երեխաներիս ապագայի մասին: Այս գործն ինձ մեծապես օգնեց ու խթան հանդիսացավ, որ դուրս գամ այդ ծանր իրավիճակից: Նախկինում, երբ այցելում էի մարդկանց տներ վարսահարդարելու համար, բոլորը կամ ամուսնուս մահվան մասին էին խոսում, կամ պատերազմից, ու ամեն անգամ է՛լ ավելի էի ընկճվում ու հուսահատվում: Հիմա, երբ մարդիկ իմ գեղեցկության սրահ են գալիս կարծես անձնականն արդեն մի կողմ են թողնում: Այս աշխատանքը ինձ չափազանց շատ օգնեց ու վստահ կարող եմ ասել, որ հիմա ես տեսակով ավելի ուժեղ եմ դարձել»։