Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Միքայելյանների պանրի մառան

Հայկական պարմեզանից՝ արմեզանից, մինչև գինով ու կոնյակով 3,5 տարի հնեցված պանիրներ Գավառ համայնքում։ 2012 թվականին Միքայելյանների ընտանիքը որոշեց Երևանից տեղափոխվել Գավառ ու հիմնել սեփական բիզնեսը՝ պանրի արտադրություն։ Ինչպես չոր պանիրների որոշ տեսակների դեպքում պետք է պանիրը հնեցնել, այս դեպքում ամեն ինչ սկսվել էր գաղափարի խմորումից։

«Միտքը տարիների ընթացքում հասունացել էր։ Առնվազն 3 տարի մեր մտքում խմորվում էր»,-նշում է Արման Միքայելյանը․ «Մեր ընտանիքից ոչ ոք գյուղատնտեսությամբ չի զբաղվել․ ծնողներս ինժեներներ են, ես տնտեսագետ եմ, կինս` Մարինեն կենսաքիմիկ է, երկրորդ մասնագիտությամբ էլ՝ ֆլորիստ։ Բայց պանրագործության միտքը, կարծես, հարկադրված եղավ։ Ամառվա սեզոնին կաթը փչանում էր և երկար պահպանվող մթերքներ էին պետք, որպեսզի ձմռանն էլ վաճառելու ապրանք ունենայինք և այդպես սկսեցինք առաջին ավանդական պանիրների պատրաստումը»,- նշում է Արման Միքայելյանը։

Միքայելյանների ընտանեկան ֆերման ունի առանձին պանրի մառան, որտեղ հյուրընկալում է զբոսաշրջիկներին ու համտեսներ իրականացնում։ Ամեն տարի մոտ 5000 զբոսաշրջիկ են հյուրընկալում։ Պանրի մառանը կառուցվել է ՄԱԶԾ «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի աջակցությամբ։ 2024 թվականին աշխարհահռչակ VOGUE-ը հայազգի կին խոհարարներին նվիրված հոդվածում անդրադարձել էր նաև Մարիամ Միքայելյանին։ Հոդվածում նշվում է, որ 2021 թվականին բացված Mikayelyan Family Farm-ն իր այցելուներին առաջարկում է յուրահատուկ պանիրների տեսականի և հայկական ինքնատիպ խամոն։

«ՄԱԶԾ-Ի օգնությամբ ամբողջովին զրոյից կառուցվեց մեր պանրի մառանը։ Մեզ համար այն կարծես իրականություն դարձած երազանք լիներ՝ ունենալ պանրի մառան, առանձին համտեսի սրահ։ Մինչև ծրագրի մասին իմանալը մտածում էինք, որ առաջիկա 10-15 տարում մեր ուժերով կկառուցեինք մեր պատկերացրած ժամանակակից դիզայնով մառանը, սակայն հայտնվեց ծրագիրն ու մեզ օգնեց իրականացնել երազանքը»,-նշում է Մարինե Միքայելյանը։

«ՄԱԶԾ «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագիրը կարծես հատուկ ստեղծված լիներ մեզ նման բիզնեսների համար»,-նշում է Արմանը․ «Սա հենց այն էր, ինչ պետք էր մեզ այդ պահին։ Նույնիսկ ծրագրից ստացանք ավելին, քան պատկերացնում ու ակնկալում էինք: Նյութական աջակցությունից բացի տարբեր վերապատրաստման դասընթացներ անցանք ոլորտի պրոֆեսիոնալների հետ․ առանց դրա անհնար կլիներ լավ արդյունք ստանալը»։

Միքայելյանների ընտանիքում բիզնեսի բաժանումը հստակ է՝ Մարինեն զբաղվում է արտադրամասով ու անձնակազմի կազմակերպման աշխատանքներով, իսկ ամուսինը՝ Արմանը՝ մատակարարումներով և ընկերության ֆինանսներով։ Մառանում նաև երկու էքսկուրսավարներ կան, որոնք զբոսաշրջիկներին ներկայացնում են պանիրների պատրաստման ընթացքն ու ստեղծման պատմությունը։ Արմանը շեշտում է՝ մեր ընկերությունում օտար մարդ չկա, բոլոր աշխատակիցները մեր բարեկամներն ու հարազատներն են․ ընդհանուր թվով 6 աշխատակից ունենք։

Մարինեն ընտանեկան բիզնեսի մասին խոսելիս կատակում է․ «Ես ու ամուսինս գուցե տեսակով շատ տարբեր ենք, բայց մի կարևոր ընդհանրություն ունենք, եթե որոշում ենք ինչ-որ բան անել, ապա կա՛մ անում ենք շատ լավ, կա՛մ չենք անում։ Եթե գործդ սիրում ես, ուրեմն պետք է չափազանց պատասխանատու լինես։ 39 աստիճան ջերմությունով իջնում էի մառան, որպեսզի մշակեմ պանիրները, որովհետև չէի կարող թողնել, որ փչանան»,-պատմում է Մարինեն․ «Եթե մինչև այս բիզնեսը սկսելը իմանայի թե պանրագործությունն ինչքան նուրբ, պատասխանատու ու միևնույն ժամանակ բարդ բիզնես է, երևի երբեք չհամաձայնեի։ Առաջինդասարանցու պես, զրոյից սկսել եմ սովորել պանրի մշակման ձևերը»։

single-post single-post single-post single-post single-post single-post

Միքայելյանների պանրի մառանում կոնսերվատների օգտագործումը բացառված է։ Մարինեն ու Արմանը հպարտությամբ են շեշտում, որ իրենց արտադրանքի ոչ մի տեսակ հավելանյութեր չի պարունակում։ Կարևորում են ապրանքի իրական համն ու հոտը։ Պանիրների անունները պատահական ընտրված չեն։ Միքայելյանները ավանդույթ են ձևավորել ու պանիրներն անվանում են առանձնահատուկ հյուրերի անունով կամ խորհրդով։ Օրինակ, «Նարեկ» պանիրն անվանել են ի պատիվ Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդի, որն առաջարկել է պանրի այդ տեսակն անվանել Գրիգոր Նարեկացու անունով։ Հետաքրքիր պատմություն ունի նաև «Մարիա» պանիրը։ Հերթական փորձերի ժամանակ Մարինեն պանիր էր պատրաստել, որը բաղադրությամբ փշրվող էր ու չէր ստացվել այն, ինչ Մարինեն էր պատկերացրել։ Սակայն մառանի հյուրերը շատ էին հավանել նոր տեսակն ու կարճ ժամանակ անց այն դարձել էր ամենաշատ վաճառվողներից մեկը․ «Քանի որ իմ նման չոր ու համառ պանիր էր, որոշեցինք, որ հենց իմ անունով էլ այն կկոչենք»,-կատակում է Մարինեն։

single-post single-post single-post single-post single-post

Հիմա Միքայելյանների ընտանեկան ֆերման արտադրում է 10 տեսակի պանիր։ Միքայելյանները նշում են, որ իրենց համար ամենակարևորը որակի բարձր չափանիշներին համապատասխան արտադրանք ստեղծելն է, ու հենց դա է պատճառը, որ չեն ցանկանում մտնել ավելի մեծ ու մասսայական շուկաներ։ Պանրի բոլոր տեսակների դեպքում տեխնոլոգիաները մշակում են զրոյից։ Ամեն տարի տարբեր փորձեր են իրականացնում, որպեսզի նոր տեսակներ ստանան։ Հենց այսպես էլ տարեկան 1 կամ 2 տեսակով համալրվում է պանիրների տեսականին։

Տարածել`