ՄԱԶԾ «Կայուն համայնքների» Solar24 ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի և Լեռնանիստ բնակավայրերին, Չարենցավան համայնքի Արզական, Բջնի բնակավայրերին և Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրին տրամադրվել են 10KW հզորությամբ արևային պանելներ և փողոցային լուսավորության 50 LED լամպ։ 10KW հզորությամբ արևային պանելներն ու LED լամպերը համայնքին հնարավորություն կտան զգալի կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը։
Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզի բոլոր 5 բնակավայերում միասին լուսավորվել է մոտ 7․5 կիլոմետր ճանապարհ, որը հնարավորություն կտա տարեկան 12․000 կվտ չափով նվազեցնել հոսանքի ծախսը։
«Այս նախագիծը մեծապես օգնում է կրճատել բնակավայրի էներգիայի ծախսերը և ապահովել ավելի անվտանգ ու հարմարավետ միջավայր բնակիչների համար։ Արևային պանելներն ու LED լուսավորությունը թույլ են տալիս ոչ միայն տնտեսել, այլև ներդրում անել ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր ապագայի համար։ Բնակիչների գոհունակությունը լավագույնս փաստում է ծրագրի անհրաժեշտությունն ու արդյունավետությունը»,-նշում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Սուսաննա Սաֆարյանը։
«Բնակիչները շատ գոհ են, արդյունավետությունն ակնհայտ է ու տեսանելի բոլորին։ Նախկին լուսավորության համակարգը շատ հին էր ու թերի, իսկ հիմա ՄԱԶԾ աջակցությամբ լուսավորվել է Բջնիի գլխավոր ճանապարհը»,-նշում է Բջնի բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Անդրեասյանը։
Solar24 ծրագիրն այս տարի իրականացվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Նախագիծն իրականացվում է համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացնում է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։