ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցներով Վանաձորի բժշկական կենտրոնին տրամադրել է 5 արևային ջրատաքացուցիչ։ Նախկինում վիրաբուժական տարածքներում տաք ջրամատակարարումը կառավարվում էր կենտրոնացված համակարգով, որը սահմանափակում էր տաք ջրի հասանելիությունը: Այս նոր 360 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչներն այժմ կբարելավեն գործող համակարգը՝ ապահովելով տաք ջրի կայուն 24-ժամյա հասանելություն:
Մշտական տաք ջրի հասանելիությունը չափազանց կարևոր է հիգիենայի և ստերիլիզացման բարձր չափանիշների պահպանման համար՝ նվազեցնելով վարակների վտանգը: Բացի այդ, այն անհրաժեշտ է տարբեր բժշկական ընթացակարգերի, որոնք պահանջում են տաք ջրի առկայություն՝ այդպիսով բարելավելով մատուցվող բժշկական ծառայությունների ընդհանուր արդյունավետությունն ու որակը: