Սրբուհի Հովհաննիսյանի բիզնես պատմությունը՝ չհանձնվելու, պայքարելու և առաջ նայելու մասին։ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ բնակավայրում Սրբուհի Հովհաննիսյանը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի աջակցությամբ իրականություն դարձրեց իր բիզնես գաղափարն ու հիմնեց «Քաղցր տուն»։
«Սոցցանցերում «Կայուն համայնքներ» ծրագրի էջում տեսա «Քաղցր տուն» ծրագրի հայտարարությունը։ Ամուսնուս ասացի՝ արի քննարկենք ու դիմենք, որովհետև բոլոր պայմաններն ունենք՝ տարածք, այգի։ Դիմեցինք, անցանք բոլոր փուլերը ու դարձանք ծրագրի շահառու»,-պատմում է Սրբուհին ու հուզմունքով հիշում դրան հաջորդած ծանր օրերը․ «2022 թվականի աշնանը մեր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ սկսվեց։ Մենք ապրում ենք սահմանամերձ գյուղում ու սկսվեցին Ջերմուկի դեպքերը։ Պետք է անկեղծ լինեմ՝ մենք թևաթափ էինք եղել ու չէինք կարողանում առաջ շարժվել։ Ծրագրի փորձագետ Լուսինե Բալայանն ամեն օր զանգում էր ու ոգևորում, որ հանկարծ մեր գործից հետ չկանգնենք ու ավարտին հասցնենք արտադրամասի շինարարության աշխատանքները։ Այդ փուլում երևի ամենաշատը հենց նման ոգևորության կարիք ունեինք»,- պատմում է Սրբուհին։
ՄԱԶԾ «Քաղցր տուն» ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով։ Նպատակը գյուղական բնակավայրերում միրգ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող փոքր բիզնեսներին աջակցելն է, որոնք արտադրում են քաղցրավենիք, չրեր, մուրաբաներ, մեղրամթերք։ «Քաղցր տուն» ծրագրի շրջանակում տրամադրվել է գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորումներ և արտադրության կազմակերպման համար նախատեսված չժանգոտող պողպատից արտադրական գույք այդ թվում՝ չրի չորացման ցանցեր, էլեկտրական չորանոց, կաթսա, ավտոկլավ։ Իրականացվել են նաև վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություն։
Արտադրամասի շենքը Խորհրդային տարիներին եղել է խանութ, սակայն կառուցումից ի վեր չէր նորոգվել, իսկ 1992 թվականից հետո այլևս չի շահագործվել։ Շենքում չի եղել կոյուղի և ջրամատակարարում։ Շինարարական աշխատանքների ժամանակ շենքը հիմնովին նորոգվել է, փոխվել է տանիքը։ «Առաջին անգամ երբ տեղում գնացինք տարածքը գնահատելու դժվար էր պատկերացնելը թե ինչպես ենք այն նորոգելու դարձնենք սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխան ժամանակակից արտադրամաս»,-նշում է Ծրագրի փորձագետ Լուսինե Բալայանը․ «Սակայն հիմա տեսնելով արդյունքը կարող ենք ասել, որ շենքն անճանաչելիորեն փոխվել է։ Ծրագրի շրջանակում ՄԱԶԾ-ն նաև շինանյութ է տրամադրել շահառուին»։
Իր արտադրամասում Սրբուհին կարևորում է բնական արտադրանքը։ Չիր պատրաստելիս շեշտը դնում է բնականի վրա։ Վստահությամբ շեշտում է, որ իր արտադրամասում որևէ քիմիական հավելում, ծծումբ կամ այլ արհեստական հավելումներ չկան․ «Մինչև «Քաղցր տուն» հիմնելը տան պայմաններում շաքարով էի չիր պատրաստում։ ՄԱԶԾ փորձագետների հետ դասընթացներից հետո որոշեցի հրաժարվել շաքարից ու միայն բնական չիր պատրաստել։ Առանց հատուկ գույքի, իհարկե, դժվար է չրագործությամբ զբաղվել։ Չրերը շարում էի արևի տակ, բայց անընդհատ ներսուդուրս էի անում, որովհետև կամ անձրև էր գալիս, կամ քամի էր լինում ու փոշի»,-նշում է Սրբուհին։