ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիիրն իրականացնում է նոր՝ «Երիտասարդական խորհրդարան» պիլոտային ծրագիր, որի նպատակն է ձևավորել համագործակցության նոր հարթակ, որտեղ Ազգային ժողովի աշխատակազմի մասնագետներն ու միջազգային գործընկերները շրջանավարտներին կսովորեցնեն այն բոլոր մեխանիզմները և գործիքները, որոնք կապված են օրինաստեղծ գործունեության հետ։
«Նախաձեռնությունը նպատակ ունի երիտասարդների ձայնը լսելի դարձնել, իսկ հաջողության դեպքում կլինի ԱԺ ևս մեկ գործիք»,- նշեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը:
«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի շրջանակում ձևավորվել են 3 հանձնաժողովներ՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ, որոնցում ընդգրկվել են մասնակիցներ՝ ըստ իրենց հետաքրքրության շրջանակների: Երիտասարդները մասնակցել են նիստի մոդելավորմանը, ծանոթացել հանձնաժողովների գործառույթներին:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողի երիտասարդների առաջարկներին ծանոթացել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը։ Երիտասարդների ներկայացրած առաջարկները վերաբերում էին Հայաստանում տուրիզմի զարգացմանը, ինչին Արման Վալեսյանը պատասխանեց ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի օրինակով ու փորձով։
«Մենք ստեղծեցինք «Գաստրո բակ» կոնցեպտը և մարզերում ապրող բնակիչներին ցույց տվեցինք թե ինչպես կարող են իրենց տունը դարձնել բիզնես նախագիծ։ Գաստրո բակերը դարձան յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին, արհեստագործական հմտություններին, շփվել տեղի բնակիչների հետ ու ամենակարևորը՝ բացահայտել Հայաստանը։ Հիմա նույն հայեցակարգով իրականացնում ենք «Քաղցր տուն» նախագիծը, որը ենթադրում է նույն սկզբունքները, սակայն այն ընտանիքների համար, որոնք արտադրում են քաղցրավենիք, չրեր, մուրաբաներ, մեղրամթերք և այլն։ Այսինքն մենք մշակել ենք մի կոնցեպտ, որով բնակիչը առանց հավելյալ ծախսերի ստեղծում է տնտեսական կառույց։ Իսկ մեզնից հասնում է սովորեցնել, թրեյնինգներ անել ու օգնել գաղափարը դարձնել իրականություն»,-նշեց Արման Վալեսյանը։
Երիտասարդներին հետաքրքրում էր թե ինչպես կարելի է զարգացնել մարզային տուրիզմը։ Արման Վալեսյանն առաջարկեց տուրիզմի զարգացման տեղական մարմինների մոդելը․ «Այս մարմինը պետք է լինի Տուրիզմի կոմիտեի հովանու ներքո և ունենա համաֆինանսավորում ու ենթակառուցվածքներ։ Կարելի է մրցութային հիմունքներով ընտրել մասնավոր և հասարակական կազմակերպություններ, որոնք կգործեն Տուրիզմի կոմիտեի նախապես մշակած ռազմավարությամբ ու կանոնակարգով»,- նշեց Արման Վալեսյանը։
Երիտասարդները Արման Վալեսյանին հարցրին թե ինչպես է պետք ապահովել տուրիզմի կայուն զարգացում, որին ի պատասխան Վալեսյանը ուշադրություն հրավիրեց առաջին հերթին Հայաստանի ռեսուրսային սահմանափակումներին․ «Նախ պետք է հասկանալ թե Հայաստանը ինչքան մեծ տուրիստական հոսք կարող է ապահովել, հակառակ դեպքում կառաջանան ռեսուրսների խնդիրներ։ Մեծ քանակությամբ տուրիստական հոսքի դեպքում, ենթակառուցվածքները չեն կարողանա սպասարկել, կառաջանա գնաճ, փողոցների ծանրաբեռնվածություն, աղբահանության խնդիր, անշարժ գույքի թանկացում և այլն»,-նշեց Արման Վալեսյանը։
Հանդիպման վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ երիտասարդները հնարավորություն ունեցան քննարկել իրենց մարզերում կայուն տնտեսական զարգացման հնարավորությունները: Արման Վալեսյանը նշեց, որ պետք է վերաիմաստավորել ու վերապրոֆիլավորել ունեցած ռեսուրսները։ ՕրինակԱլավերդին կարող է չաշխատող գործարանը վերածել բացօթյա թանգարանի։
ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիր ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից։