ՄԱԶԾ «Կայուն համայնքների» Solar24 ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Արագած, Աղավնատուն և Արշալույս բնակավայրերին տրամադրվել են 10KW հզորությամբ արևային պանելներ և փողոցային լուսավորության 50 LED լամպ։ Ընդհանուր առմամբ բոլոր 3 բնակավայերում միասին լուսավորվել է մոտ 5 կիլոմետր ճանապարհ։ 10 կվ հզորությամնբ արևային պանելներն ու LED լամպերը համայնքին հնարավորություն կտան զգալի կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը։
«Ունենք երևացող ու չերևացող արդյունք․ արտաքին լուսավորության մասով ամեն ինչ ակնհայտ է, փողոցները լուսավոր են ու դա բնակիչներն են արձանագրում, իսկ արևային ֆոտովոլտային կայանների առումով արդյունքը մենք ենք ֆիքսում։ Փորձում ենք հնարավորին չափ անցնել ամբողջովին արևային էներգիայի աղբյուրների։ Սկսած փողոցներից մինչև համայնքային նշանակության շենքեր, մտադիր ենք սնուցումը դարձնել արևային էներգիայով»,-նշեց Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։
Ծրագրի նպատակն է արդիականացնել համայնքների, բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքները, բարելավել լուսավորության որակը՝ խթանելով անվտանգությունը, արտադրողականությունն ու նպաստել ընդհանուր բարեկեցությունը։
Այս տարի Solar24 ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։ Նախագիծն իրականացվում է համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ ընդհանուր արժեքի 80% ներդրումն իրականացնում է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը։