Հայաստանում առաջին «Քաղցր տունը» Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրում է։ Փողոցի ցուցանակները հուշում են՝ ինչպես մոտենալ։ Հիմնադիր Մելինե Խնձրցյանն իր տան խորդանոցը վերածեց ժամանակակից պայմաններով ու տեսքով արտադրամասի։ Հիմա անհնար է կռահել, որ այստեղ նախկինում խորդանոց է եղել․ դրա միակ վկայությունը մուտքի դիմաց փակցված առաջ-և-հետո պաստառի նկարներն են։ «Մենք ծրագրի առաջնեկն ենք»,-հպարտությամբ նշում է Մելինեն․ «Արտադրամասի համար հարմար տարածքն ունեինք, սեփական մեծ այգին կար, մնում էր սկսել։ 2022-ին սկսեցինք ու արագ ավարտեցինք շինարարությունը․ տարեվերջին արդեն ամեն ինչ պատրաստ էր»։
ՄԱԶԾ «Քաղցր տուն» ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով։ Նպատակը գյուղական բնակավայրերում միրգ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող փոքր բիզնեսներին աջակցելն է, որոնք արտադրում են քաղցրավենիք, չրեր, մուրաբաներ, մեղրամթերք։ Նախագիծը չափանիշ է դարձրել «Գաստրո բակ» ծրագրի հայեցակարգը, որը հաջողությամբ իրականացվել է գյուղական տուրիզմի զարգացման համար։ «Քաղցր տուն» ծրագրի շրջանակում տրամադրվել է գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորումներ և արտադրության կազմակերպման համար նախատեսված գույք։ Իրականացվել են նաև վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություն։
«Հետաքրքիր համընկավ պահը․ երեխաներս արդեն մեծ էին ու կարող էի ինձ թույլ տալ վերադառնալ աշխատանքային ռիթմին։ Երբ սկսեցի մտածել աշխատելու մասին հայտնվեց «Քաղցր տունը» ու տնային տնտեսուհուց դարձա գործարար կին։ Չէի պատկերացնում որ կհաջողվի այսքանն իրականություն դարձնել, բայց դուք էլ եք տեսնում արդյունքը»,-նշում է Մելինե Խնձրցյանը։
«Քաղցր տանը» բացի չրից արտադրում են նաև դոշաբ, տնական կոմպոտներ, փակոցներ, մուրաբաներ ու ջեմեր։ Իսկ չրերի տեսականին տարեցտարի համալրում են․ «Ամեն անգամ նոր փորձարկումներ ենք անում ու փորձում ավելացնել տեսականին։ Այս տարի ավելացրել ենք լոլիկի, բալի ու թթի չրեր»,-պատմում է Մելինեն։