Ինչպե՞ս սիրելի զբաղմունքը վերածել հաջողակ բիզնեսի, այս հարցի պատասխանը տիկին Զանիկը հպարտությամբ է տալիս՝ պետք է մեծ ցանկություն ունենալ ու սիրել գործը։ Վայոց ձորի Արենի բնակավայրում 2020 թվականին ՄԱԶԾ «Կայուն համայնքների» «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում հիմնադրվեց չրի արտադրամաս։ Զանիկ Սիմոնյանը Վայոց ձորի մարզում «Չիր-Չիր» ծրագրի առաջին շահառուն է․ այս փաստը հպարտությամբ է ընդգծում․ ««Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը մի օր ինձ ասաց՝ էս ինչքա՞ն քաղցր արտադրանք ունեք, է՛լ մեղր, է՛լ չիր, է՛լ մուրաբա, իսկական քաղցր տուն է ձեր տունը։ Ես էլ ոգևորվեցի ու որոշեցի, որ ընդլայնելու եմ ծավալներն ու զբաղվեմ նաև չրի պրոֆեսիոնալ արտադրությամբ»,-նշում է Զանիկ Սիմոնյանը։
«Չիր-Չիր» ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով, որի շրջանակում տրամադրվել է չրարտադրության համար նախատեսված արտադրական գույք, այդ թվում` էլեկտրական չորանոց և չորացման համար նախատեսված տակդիր ցանցեր: «Առաջ մրգերը չորացնում էի միայն արևի տակ, բայց պետք է խոստովանեմ, որ դժվար էր»,-պատմում է Զանիկ Սիմոնյանը․ «Եղանակը կտրուկ փոխվում էր, անձրև էր գալիս ու ստիպված էի լինում շատ արագ հավաքել չրերը։ Բացի այդ, արևի տակ նաև փոշի էր լինում։ Իսկ հիմա մաքուր պայմաններում կարողանում եմ գեղեցիկ արտադրական տեսքով չրեր ստանալ»։
Զանիկ Սիմոնյանը խոստովանում է՝ «Չիր-Չիր» ծրագրի շահառու դառնալուց հետո արտադրության ծավալները հնգապատկվել են։ Հիմա մինչև 20 տեսակի չիր է պատրաստում տարբեր մրգերից ու բանջարեղենից․ «Թոռնիկներս շատ են սիրում քաղցրավենիք։ Որոշեցի, որ խանութից էլ կոնֆետներ չեմ գնելու ու առաջացավ գաղափար ելակի չիր պատրաստել, որը կփոխարինի կոնֆետներին ու ամենակարևորը կլինի բնական ու առողջարար»,-պատմում է Զանիկը․ «Մեր այգուց մի քիչ ելակ հավաքեցի ու չիր պատրաստեցի․ երեխաները հիմա կոնֆետից ավելի շատ չիր են ուտում»։