ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագիրն իրականացնում է «Nexus Kapan 2․ Ջերմատնային ձեռնարկատիրության կլաստերի ընդլայնում» նախաձեռնությունը, որի նպատակն է զարգացնել Կապան համայնքում ձևավորված ջերմատնային տնտեսությունների կլաստերը և ամրապնդել գյուղական բնակավայրերի ու քաղաքային շուկաների միջև տնտեսական կապերը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել մինչև 30 մասնակից, որոնք կանցնեն մասնագիտական և բիզնես ուսուցում։ Դրանցից առավել պատրաստ, փորձառու և մոտիվացված մինչև 17 մասնակից հնարավորություն կստանան համաֆինանսավորման սկզբունքով հիմնել 300 քմ մակերեսով ժամանակակից ջերմատներ՝ որպես եկամուտ ապահովող կայուն բիզնեսներ։ Մասնակիցներին կտրամադրվի շարունակական մասնագիտական և խորհրդատվական աջակցություն՝ իրենց գործունեության արդյունավետ կազմակերպման և շուկայում մրցունակ դառնալու համար։
Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են Կապան քաղաքի մինչև 15 կմ շառավղով գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Սյունիք–Աճանան առանցքի գյուղերում։
Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, որոնք՝
- ունեն ջերմատնային տնտեսության և/կամ գյուղատնտեսության ոլորտում գործնական փորձ, ինչպես նաև բիզնես կառավարման փորձ և/կամ հմտություններ,
- ունեն համապատասխան հողատարածք (մոտ 400–450 քմ)՝ հարթ, ցածրադիր գոտում գտնվող, լավ արևային լուսավորությամբ,
- ունեն անհրաժեշտ կոմունիկացիաներ (ջուր, էլեկտրաէներգիա, գազ),
- պատրաստ են համաֆինանսավորման` ջերմատան տեղադրման, ոռոգման, էլեկտրականության և ջեռուցման համակարգերի գնման և անցկացման նպատակով, նաև՝ բիզնեսի գրանցման և կլաստերային համագործակցության առումով։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Հաստատել» կոճակը: