ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է «Նեքսուս Կապան» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր ծրագրային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։
Այս փուլում ծրագիրը կիրականացվի Կապան համայնքի Սյունիք բնակավայրում։ Ծրագիրը նեքսուս մոտեցմամբ նպատակ ունի աջակցելու մոտիվացված անձանց՝ իրենց սեփական ջերմատնային բիզնեսը հիմնելու գործում։ Աջակցությունը ներառում է նոր և ժամանակակից ջերմատան տրամադրում, գործնական գյուղատնտեսական ու բիզնես ուսուցում, փորձագետների խորհրդատվություն և համագործակցային միջավայրի ստեղծում։
Ծրագրի կողմից տրամադրվող աջակցությունը կներառի՝
- 150 քմ մակերեսով թունելային ջերմատուն,
- անվճար ուսուցում՝ ջերմատնային գյուղատնտեսության և բանջարեղենի աճեցման վերաբերյալ,
- անվճար բիզնեսի և ձեռներեցության ուսուցում, ներառյալ՝ բիզնես պլանավորումը, մարքեթինգը, ֆինանսները և գաղափարի ներկայացումը,
- անվճար խորհրդատվություն՝ ջերմատան տեղադրման մասով,
- 450 հատ սածիլ և 8 տուփ սերմ՝ յուրաքանչյուր շահառուին, արտադրության մեկնարկի համար,
- 6 ամսվա ընթացքում շարունակական խորհրդատվություն և տեղում մասնագիտական աջակցություն,
- 50 էջանոց ձեռնարկ՝ ջերմատնային գյուղատնտեսության թեմայով,
- մասնակցություն ջերմատնային կլաստերին՝ համատեղ գործունեության և շուկաներ մուտք գործելու հնարավորությամբ։
Շահառուի ներդրումը կներառի՝
- 500,000 ՀՀ դրամ համաֆինանսավորում՝ տեղադրման կազմակերպման համար։
- Գումարը վերադարձվում է, եթե շահառուն տեղադրում է ջերմատունը սեփական ուժերով, համաձայնեցված ժամկետում։
Ծրագրին կարող են մասնակցել Կապան համայնքի Սյունիք բնակավայրի 18 տարեկանից բարձր բնակիչները, ովքեր․
- ունեն առնվազն 200 քմ հարթ տնամերձ հողատարածք՝ ջրի և էլեկտրականության մշտական հասանելիությամբ,
- պատրաստ են համաֆինանսավորմամբ ներդրում կատարել կամ սեփական միջոցներով իրականացնել ջերմատան տեղադրումը,
- կարող են կազմակերպել սեփական ջերմատնային բիզնեսը,
- պատրաստ են մասնակցելու բոլոր դասընթացներին և գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ,
- պատրաստակամ են համագործակցել իրար հետ՝ կլաստերի շրջանակում։
Ծրագիրը նախատեսում է կազմակերպել մինչև 30 մասնակիցների ուսուցում, ինչպես նաև տրամադրել մինչև 15 ջերմատուն (յուրաքանչյուրը 150 քմ) Սյունիք բնակավայրից ընտրված շահառուներին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։