Բարի գալուստ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի պաշտոնական կայք։     Նոր ծրագրերի և մրցույթների մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժին։      Նոր ծրագրերի մասին հայտարարությունները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք «Կայուն համայնքներ» ծրագրի էջին Facebook-ում։    

Վերջնաժամկետ` 25-Հուլիս-2025

Ջերմատուն

Նեքսուս Գորիս․ Ջերմատուն ծրագիրը գալիս է ՍՅՈՒՆԻՔ

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Նեքսուս Գորիս» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր պիլոտային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։

 

«Նեքսուս» մոդելի պիլոտային փուլի համար ընտրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռնությունը, որը կիրականացվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ բնակավայրերում։ Այս պիլոտային ծրագիրը նեքսուս մոտեցմամբ նպատակ ունի աջակցելու մոտիվացված անձանց՝ իրենց սեփական ջերմատնային բիզնեսը հիմնելու գործում։ Աջակցությունը ներառում է նոր և ժամանակակից ջերմատան տրամադրում, գործնական գյուղատնտեսական ու բիզնես ուսուցում, փորձագետների խորհրդատվություն և համագործակցային միջավայրի ստեղծում։


Ծրագրի կողմից տրամադրվող աջակցությունը կներառի՝

  • 150 քմ մակերեսով թունելային ջերմատուն,
  • անվճար ուսուցում՝ ջերմատնային գյուղատնտեսության և բանջարեղենի աճեցման վերաբերյալ,
  • անվճար բիզնեսի և ձեռներեցության ուսուցում, ներառյալ՝ բիզնես պլանավորումը, մարքեթինգը, ֆինանսները և գաղափարի ներկայացումը,
  • անվճար խորհրդատվություն՝ ջերմատան տեղադրման մասով,
  • 450 հատ սածիլ և 8 տուփ սերմ՝ յուրաքանչյուր շահառուին, արտադրության մեկնարկի համար,
  • 6 ամսվա ընթացքում շարունակական խորհրդատվություն և տեղում մասնագիտական աջակցություն,
  • 50 էջանոց ձեռնարկ՝ ջերմատնային գյուղատնտեսության թեմայով,
  • մասնակցություն ջերմատնային կլաստերին՝ համատեղ գործունեության և շուկաներ մուտք գործելու հնարավորությամբ։

Շահառուի ներդրումը կներառի՝

  • 500,000 ՀՀ դրամ համաֆինանսավորում՝ տեղադրման կազմակերպման համար։
  • Գումարը վերադարձվում է, եթե շահառուն տեղադրում է ջերմատունը սեփական ուժերով, համաձայնեցված ժամկետում։

Ծրագրին կարող են մասնակցել Վերիշեն կամ Ակներ բնակավայրերի 18 տարեկանից բարձր մշտական բնակիչները, ովքեր

  • ունեն առնվազն 200 քմ հարթ տնամերձ հողատարածք՝ ջրի և էլեկտրականության մշտական հասանելիությամբ,
  • պատրաստ են համաֆինանսավորմամբ ներդրում կատարել կամ սեփական միջոցներով իրականացնել ջերմատան տեղադրումը,
  • կարող են կազմակերպել սեփական ջերմատնային բիզնեսը,
  • պատրաստ են մասնակցելու բոլոր դասընթացներին և գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ,
  • պատրաստակամ են համագործակցել իրար հետ՝ կլաստերի շրջանակում։

Ծրագրի հիմնական փուլերը ներառում են

  • մեկնարկ՝ 2025 թ. հուլիսին,
  • դասընթացներ և ջերմատների տեղադրում՝ 2025 թ․ ամառ–աշնան սկիզբ,
  • սածիլների և սերմերի տրամադրում՝ 2025 թ․ վաղ աշնանը,
  • խորհրդատվական աջակցություն՝ մինչև 2025 թ․ դեկտեմբեր։

Ծրագիրը նախատեսում է կազմակերպել մինչև 30 մասնակիցների ուսուցում, ինչպես նաև տրամադրել 20 ջերմատուն (յուրաքանչյուրը 150 քմ) Վերիշենից և Ակներից ընտրված շահառուներին։


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։

Տարածել`