ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է նոր վերապատրաստման դասընթաց «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով, որը նախատեսված է Վայոց Ձորի, Արարատի մարզերի չրարտադրությամբ զբաղվող անձանց համար։ Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրենրի ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։
Մեկօրյա դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակացության հավաստագրեր և կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձանց կտրամադրվեն աղացներ՝ նախատեսված չրերի վերամշակման և նոր ապրանքատեսակների արտադրության համար։ Շահառուները, Ծրագրի իրականացման համար, պետք է ներդնեն սեփական արտադրության հումք։
Ծրագրին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք․
- ունեն ՀՀ քաղաքացիություն,
- ունեն նվազագույնը երեք տարվա մշտական բնակություն նշված բնակավայրերում (յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ),
- ունեն նվազագույնը երեք տարվա չրագործության ոլորտում աշխատանքնային փորձ և արտադրում են նվազագույնը 100 կգ չիր,
- պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ-ի կողմից ներկայացված պարտադիր պայմանները և պահանջները։
Ծրագրին կարող են դիմել նաև այն անձինք, որոնք հանդիսանում են 2020թ․ և 2023թ․ Լեռնային Ղարաբաղի փախստականներ, ներկայումս բնակվում են նշված մարզերում, զբաղվել և/կամ ցանկանում են զբաղվել չրերի վերամշակմամբ։
Նախագծին չեն կարող դիմել այն անձինք, որոնք նախկինում մասնակցել են «Չիր-Չիր» ծրագրին, ստացել են տակդիր ցանցեր, սակայն սահմանված կարգով չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել Ծրագրի պահանջները։ Տեղեկացնում ենք, որ ընտանիքի անդամները չեն կարող փոխարինել հայտը ներկայացրած անձին։
Պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ
- Հայտ, պետք է լրացնել առցանց այս հայտարարության վերջում
- Անձնագրի կամ նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ
- Բնակության վայրը հաստատող տեղեկանք, որը կարող եք վերցնել Համայնքապետարանից կամ ձեր բնակության վայրի վարչական ղեկավարից։
- Լեռնային Ղարաբաղի փախստականները վերոնշյալ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնեն նաև փախստականի կարգավիճակը հաստատող տեղեկանք, որը բնակության տեղեկանքի հետ միասին կարող են վերցնել Համայնքապետարանից կամ իրենց բնակության վայրի վարչական ղեկավարից։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս․թ․ հոկտեմբերի 3-ը առցանց լրացնել էջի ներքևի հայտը և հայտին կցել վերևում թվարկված փաստաթղթերը։
Անցկացման օր և վայր
Վայոց Ձորի մարզ – Հոկտեմբերի 9–ին, ժամը 10։30-17։30, մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճ։ Հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան փող., 5 շենք։
Արարատի մարզ – Հոկտեմբերի 11–ին, ժամը 10։30-17։30, Մշակույթի տան նիստերի դահլիճ։ Հասցե՝ ք. Արարատ, Շահումյան 36 շենք։
Հարցերի դեպքում աշխատանքային օրերին կարող եք գրել «Կայուն համայնքներ» ծրագրի ֆեյսբուքյան էջին։